Փաշինյանը խոսել է Արցախում խաղաղապահ զորախմբի ժամկետի մասին

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեսականորեն կարող է 2025-ին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, բայց Նիկոլ Փաշինյանը դա գործնականում հնարավոր չի համարում։ Այդ մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Փաշինյանի խոսքով՝ տեսականորեն կարող է նման սցենար լինել, բայց խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամանակ «Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները պիտի ստեղծված լինեն և այդ երաշխիքները պիտի կյանքով փորձարկվեն»։

«Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի երկայնքով ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա ու այդ որոշումը եթե կարդանք կտեսնենք, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիների զանգվածային սպանությունները կանխելու ու թույլ չտալու համար։ Դաշնային խորհրդի որոշման մեջ էլ է գրված, որ խաղապահները տեղակայվում են այդ նպատակով»,- բացատրեց Փաշինյանը։

Եթե անգամ խաղաղապահները լքեն Ղարաբաղը, ըստ Փաշինյանի, «միջազգային հանրությունն ու մեխանիզմները կգտնեն ձևեր այդ անվտանգային, ցեղասպանության սպառնալիքը կառավարելու համար»։

Մեկնաբանել