Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանում քաղաքացիական հագուստով սպաները ձերբակալել են «Ժողովրդավարություն 1918» շարժման անդամ Օրխան Զեյնալիին Բաքվում գտնվող նրա տանը:
Շարժման նախագահ Ահմադ Մամեդլին OC Media-ին ասել է, որ Զեյնալիին երեքշաբթի կանչել էին Բաքվի քաղաքային ոստիկանություն, սակայն նա հրաժարվել էր գնալ, քանի որ պաշտոնական ծանուցում չէր ստացել։
«[Հինգշաբթի երեկոյան] նրան տնից քաղաքացիական հագուստով մարդիկ տարել են»,- ասել է Մամեդլին։
Մամեդլին պնդել է, որ Զեյնալին ձերբակալվել է սոցցանցերում Ադրբեջանի ոստիկանությանը քննադատող գրառում տարածելու համար։

«Քննադատությունը կապված է եղել նրա հեծանիվի հետ, որը գողացել էին մեկ ամիս առաջ։ Թեև նա այդ մասին բողոքել է ոստիկանություն, բողոքը չի քննարկվել տարբեր պատճառներով»,- ասել է Մամեդլին:
«Ժողովրդավարություն 1918»-ի նախագահը ոստիկանությանը մեղադրել է նաև, որ Զեյնալիի կնոջը ստիպել են ջնջել նրա ֆեյսբուքյան բոլոր գրառումները:
Ներքին գործերի նախարարությունը հաստատել է Զեյնալիի կալանավորումը։
«Ներկայում հետաքննություն է ընթանում, և մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի»,- Turan լրատվականին ասել է գլխավոր խոսնակ Էլշադ Հաջիևը։
Ինքը՝ Մամեդլին, նույն կերպ ձերբակալվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ոստիկաններին չենթարկվելու համար նա դատապարտվել էր 30 օրվա ազատազրկման։
Մամեդլին պնդում է, որ իրեն ձերբակալել են Ֆեյսբուքում հօգուտ խաղաղության և ընդդեմ նախագահ Իլհամ Ալիևի մի շարք գրառումներ անելու համար: