Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրերը

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունները, թե հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանի և Մարտունու հատվածում կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Արցախից ևս նշում են, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումները չեն կրակել Մարտունու օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։