Փաշինյանը Խովաևի հետ հանդիպմանը վերահաստատել է՝ Հայաստանը պաշտպանում է ռուսական առաջարկները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն հրապարակային է հայտարարել, Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը Փաշինյանն ու Խովաևը քննարկել են Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր: