Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:
«Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը»,- նշում են վարչապետի աշխատակազմից
Փաշինյանն ու Բլինքենը պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ: