Պետական մարմինները պաշտպանելու փոխարեն թիրախավորում են բռնության ենթարկված կանանց

Երբ ընտանեկան բռնության ենթարկված կինը հաղորդում է ներկայացնում ոստիկանություն, իսկ ոստիկանը կնոջը պաշտպանելու փոխարեն նվաստացնում է նրան՝ ասելով, թե․ «Կարո՞ղ ա ինչ-որ մեկին ունես, ուզում ես մարդուդ վրից թռնես, դրա համար սենց բաներ ես անում»,- մտածում ես՝ արդյոք հաջորդ անգամ, երբ տեղի ունենա բռնություն, նա կբարձրաձայնի դրա մասին կամ կակնկալի ոստիկանությունից պաշտպանություն։ Ցավոք, նման իրավիճակի են հանդիպում ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնները, երբ կինը ընկճված ու անելանելի վիճակում օգնություն է հայցում։

Ավելին, երբեմն ոստիկանները վախեցնում են կանաց, երբ իրենց գործառույթների շրջանակներում ծանուցում են, թե ինչ իրավական հետևանքներ կարող են լինել «սուտ ցուցմունք» տալու պարագայում, ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի ծանուցումը կատարվում է հեգնանք, ծաղր և վախ ներշնչող արտահայտություններով։ «Գիտես, չէ՞, եթե հիմա դու էստեղ մի բառ, մի տառ սխալ գրես, քեզ քաչալացնելու ենք, տանենք գցենք կանանց գաղութ, քեզ էնտեղ հում-հում ուտեն»։ Ինչպես վկայում է աջակցության կենտրոնի ներկայացուցիչը, կինը եկել էր աջակցության կենտրոն և լաց լինելով պատմում էր նման վերաբերմունքի մասին։

Այսպիսի լրջագույն վիճակ է վերհանել «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները» հետազոտությունը, որն իրականացնելիս հանդիպեցի բազմաթիվ խնդիրների։

Այն, որ մեր հասարակությունը արդարացնում է բռնությունը, հակված է հաճախ մեղադրել բռնության ենթարկված կնոջը, տեսանելի է համացանցում հայտնվող մեկնաբանություններից, բայց որ նման վերաբերմունքի են արժանանում կանայք պետական այն մարմիններին դիմելիս, որոնք օրենքի շրջանակներում պետք է պաշտպանեն իրենց, շատ տխուր է։ Չէ՞ որ հենց պետությունը պետք է պաշտպանի բռնության ենթարկված քաղաքացուն և բռնի բռնարարի ձեռքը։

Հետազոտության շրջանակներում դիտարկվել է նաև Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համագործակցության որակը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների հետ, և պատկերն է՛լ ավելի հուսահատեցնող է։

«Սեռական բռնության դեպք էինք ունեցել անչափահաս երեխայի նկատմամբ, և այս դեպքը քննարկվում էր ԽՀՀ-ում, և դեպքը ներկայացնելուց առաջ ասացին, թե մեր վերջին ներկայացվող հարցը 18+ կինո է, ինչը ինձ համար ահավոր բան էր՝ անընդունելի, զարմանալի, մինչև հիմա շոկից դուրս չեմ գալիս։ Սեռական բռնության դեպք է տեղի ունեցել անչափահաս երեխայի նկատմամբ, որը սոցիալական ծանր պայմաններում ապրող երեխա է, ծնողները՝ անընդհատ սարերում են, և ինչ-որ մեկն օգտվել էր երեխայի անպաշտպան վիճակից: Մեղքի իրենց բաժինն ունենալու փոխարեն, որ համայնքն իր տեղում չի եղել, և երբ ծնողները կարիքից դրդված երեխայի կողքին չեն եղել, համայնքն աչք է փակել, խնամակալության հանձնաժողովը իրոնիկ ծաղրանքով է վերաբերվում այդ կարևորագույն հարցին»,- չի թաքցնում իր զարմանքը և վրդովմունքը աջակցության կենտրոնի ներկայացուցիչը։

Ըստ հետազոտության արդյունքների՝ երեխաների նկատմամբ բռնության հարցերում անտարբեր են նաև կրթական հաստատությունները։ Աջակցության կենտրոնները խնդիրներ են ունենում նաև ընտանեկան բռնության հետևանքով մոր հետ մի մարզից մյուսը տեղափոխված երեխաների կրթության իրավունքն իրացնելիս, քանի որ տնօրենները չեն ապահովում գաղտնիությունը, խուսափում են երեխային դպրոց ընդունելուց և պիտակավորում են բռնության ենթարկված կնոջը։ Եվ եթե նույնիսկ նկատում են երեխայի վարքային փոփոխություններ, որևէ կերպ չեն ահազանգում։

Ոչ պակաս խտրական է սոցիալական բարդ վիճակներում հայտնված անձանց հետ անմիջականորեն աշխատող Միասնական սոցիալական ծառայությունների վերաբերմունքը ընտանեկան բռնության ենթարկված կանանց նկատմամբ։

«Կնոջ անձնական կյանքն են քննարկում, ասում՝ սիրած ունի, իրեն պետք չի նպաստ տալ, բայց փաստացի կինը կարիքի մեջ է, ուղղակի ասեկոսեներով են առաջնորդվում, կամ ասում են՝ նրա վրայից չի երևում, որ բռնության է ենթարկվում, դեռ ինքը հաստատ բռնության կենթարկի։ Եթե կինը խնամված է, որևէ մարմին չի ընդունի, որ բռնության ենթարկված է»։

Հետազոտությունը վերհանել է տարաբնույթ խնդիրներ, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն, և եթե պետական մակարդակով միասնական ջանք չգործադրվի ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ, մենք երբևէ չենք կարողանա ասել, որ Հայաստանն ապահով է կանանց համար, հատկապես, որ ամենաշատը կանայք են բռնության ենթարկվում, ինչպես նաև սպանվում իրենց տներում։

Մեկնաբանել