Խաղաղության հաստատմանը խոչընդոտում են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները․ Միրզոյան

Նոյեմբերի 15-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները:

«Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարևորել է շարունակական և գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։