«Քաղաքը մերն է»-ն ձևավորել է ընտրությունների վերահսկման կենտրոն

Ըստ նախաձեռնության հաղորդագրության` «Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության 16-րդ ժողովում, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, քննարկվել են քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16-ին, Գյումրու կինո «Հոկտեմբերի» սրահում նախաձեռնության թիմային թեկնածուների նախընտրական միացյալ ծրագրի շնորհանդեսի հարցերը:

Որոշվել է այդ շնորհանդեսին հրավիրել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների` մտավորականների, Գյումրու քաղաքապետի և ավագանու անդամության բոլոր թեկնածուներին, լրագրողներին, նախաձեռնության անդամներին:

Ժողովում հիմնվել է Ընտրությունների համակարգող կենտրոն` շտաբ, որին անդամագրվեց 18 հոգի, սկսվել է վստահված անձանց հավաքագրումը, և հայտարարվել, որ արդեն 150 ակտիվ քաղաքացիներ ցանկություն են հայտնել լինելու այս քաղաքացիական նախաձեռնության թեկնածուների վստահված անձինք ընտրություններում:

Հետևելով նախնական պայմանավորվածությանը՝ հիմնվել է Գյումրու ավագանու անդամության թեկնածուների և ավագանու անդամների վարքականոնի հսկման Էթիկայի հանձնաժողով, որի անդամներ ընտրվել են Սեյրան Մարտիրոսյանը, Թամարա Յայլոյանը, Արթուր Էդարը, Հրաչ Գալստյանը և Ալեքսան Տեր-Մինասյանը (թեկնածուներն չեն):

Հանձնաժողովը մինչև սեփական աշխատանքային կանոնակարգը մշակելը որոշել է, որ որոշումները կայացնում է առնվազն 3 քվեով, բոլորը, ինչպես նախաձեռնության անդամները, այնպես էլ այլ շահագրգիռ անձինք ազատ են նախաձեռնությունից Գյումրու ավագանու թեկնածուների կողմից վարքականոնի խախտումներ նկատելու դեպքերում գրավոր դիմել Էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով հետազոտել ենթադրյալ դեպքերը:

Հանձնաժողովը պարտավոր է բոլոր գրավոր բողոքների վերաբերյալ եզրակացությամբ հանդես գալ, ինչը ենթակա է լինելու հրապարակման: Բացի դրանից՝ որոշվել է, որ Էթիկայի հանձնաժողովն ազատ է վարքականոնում լրացումների և փոփոխությունների առաջարկություններ ներկայացնել նախաձեռնության ընդհանուր ժողովին:

16-րդ ժողովում որոշվել է նաև օգոստոսի 20-ին՝ ժամը 12-ին, 14-ին, 16-ին, 18-ին, նախաձեռնության անդամների հետ հանդիպումների հրավիրել Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին` քննարկելու քաղաքի զարգացման փոխադարձ պատկերացումները: Հրավերները օգոստոսի 16-ի հասցվել են թեկնածուներին: Հրավերներն ընդունելու դեպքում՝ հանդիպումների տեղի և ժամակարգի մասին կլինի լրացուցիչ հաղորդում:

Ժողովի վերջում երիտասարդ կամավոր երաժիշտները նախաձեռնության ժողովականներին ներկայացրել են նախաձեռնության երգի նախնական ձայնագրությունը և որոշ դիտողություններից հետո խոստացել հաջորդ նիստին ներկայացնել լրամշակված տարբերակը:

Մեկնաբանել