Մանրամասներ Պեմզաշենի սպանությունից. հայտնի է շարժառիթը

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի մասին։ Մասնավորապես, պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը, ով օրեր առաջ ձերբակալված 32-ամյա տղամարդու ազգականն է՝ 41 տարեկան:

«Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, ով տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրն ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:

Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,- տեղեկացնում են Կոմիտեից։

Միջնորդություն է ներկայացվել դատարան 32-ամյա տղամարդու և նրա 41-ամյա ազգականի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է:

***

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տանը հայտանբերվել են 31-ամյա կնոջ և նրա 8 և 12-ամյա երեխաների դիերը։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ին, ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:

Մեկնաբանել