Արցախում ողջունում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը։ Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

– պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

– կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

– առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;

– վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

– առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։

Նշվում է, որ բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը։

«Նման բովանդակությամբ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։ Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ աներկբա և սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Բանաձևն ընդունելու համար Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին շնորհակալություն է հայտնել նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը: Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի ու արցախահայության ապագայի համար»,- գրել է Վարդանյանը։

Մեկնաբանել