Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազությունը սեփական նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, փողերի լվացման հատկանիշներով։ Դատախազի որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննիչին՝ Բեգլարյանին մեղադրանք առաջադրելու համար։

Խոսքը հիմնականում Երևանում գտնվող 24 գույքերի մասնավորեցման ու հափշտակման մասին է։ Ըստ դատախազության՝ նշված պաշտոնատար անձը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր հետքերը վերացնելու նպատակով, տարաբնույթ ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել հափշտակության առարկա հանդիսացող անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար:

Դրանց ցանկում են եղել նախադպրոցական հաստատություններ, որոնք հափշտակվել են ու մանկապարտեզների գործունեությունը դադարեցվել է։

Սիվիլնեթը օգոստոսին անդրադարձել էր Բեգլարյանի գույքերի ցանկին, դրանց օտարման պատմություններին ու ԱԱԾ-ում քննվող գործի մանրամասներին։

Մեկնաբանել