2023-ին ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման պահանջը

2023-ի ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը: Առաջին անգամ հայտարարագրերը կներկայացվեն 2024-ի գարնանը: Այս մասին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ներկայացնելով 2023-ի պետական բյուջեի մասին նախագիծը, տեղեկացնում է խորհրդարանի կայքը։

Նախարարը նշել է, որ 2023-ի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը։

«Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. Ազգային ժողով ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին։ 2023-ի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար ու ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում»,- ընդգծել է նա։

Չնայած թվարկված անորոշություններին` Խաչատրյանը փաստել է, որ այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է տարեսկզբից ի վեր քննարկված բոլոր սպասումները: 2022-ի ինն ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14,1 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեն սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է․ «Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ` անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,- ասել է նախարարը:

Ըստ Տիգրան Խաչատրյանի` այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը:

Մեկնաբանել