Հայաստանը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակային մոդելին․ Փաշինյան

Հայաստանը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակային մոդելին, որով կարձանագրվի համաձայնությունների շրջանակը։ Նոյեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ խաղաղության պայմանագրի մյուս տարբերակը դետալացված մոտեցումն է. «Եթե փորձենք շատ դետալացված հարցեր լուծել, կարող ենք դժվարություններ ունենալ։ Այս է պատճառը, որ ՀՀ-ն առաջարկել է շրջանակային համաձայնագիր ստորագրել, մենք պիտի փորձենք գնալ այս ճանապարհով»,- նշեց Փաշինյանը։

Խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն ավարտելու մասին հարցին անդրադառնալով վարչապետը մանրամասնեց. «Կար ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման պահին սահմանների դելիմիտացիան արված լիներ, բայց ազդակներ կան, որ դա գուցե իրատեսական չէ»։

Փաշինյանն առաջարկում է վերցնել 1990 թվականի քարտեզները, իրականացնել զորքերի հայելային հետաքաշում, ստեծել մոնիտորինգի մեխանիզմ, ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը ու հանգիստ պայմաններում գնալ սահմանազատման։

Վարչապետը հայտարարեց նաև, որ Վաշինգտոնում Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող տեքստ ու սպասում է Ադրբեջանի արձագանքներին․ «Այնուամենայնիվ տեսնում ենք որոշակի լարվածության միտումներ, որը կապված է կոնկրետ իրադարձությունների ու իրավիճակների հետ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կողմ է խաղաղության պայմանագրի հարցով ռուսական առաջարկներին, «իսկ եթե ընդդիմությունը դեմ է այդ առաջարկներին, կարող է հայտարարել այդ մասին»։

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պաշտպանում է Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման դիրքորոշմանը և Հայաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ-ն այս դիրքորոշումը ևս կպաշտպանի. «Թվում է թե ՀԱՊԿ-ը պիտի պաշտպաներ հստակ այս դիրքորոշումը ու մենք մյուս գործընկերների հետ պիտի աշխատեինք, բայց մենք հակառակ վիճակն ունենք ու հույս ունեմ, որ ՀԱՊԿ նիստում (նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք նիստում – խմբ․) այդ կոնսենսուսը կարձանագրենք»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի ցանկանում ՀԱՊԿ-Ադրբեջան բախումներ հրահրել, այլ ակնկալում է հստակ քաղաքական դիրքորոշում։