Տավուշի մարզի 4 գյուղի տարածքներ օկուպացված են․ Փաշինյան

Նոյեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երբ Հայաստանը խոսում է 2021-ի մայիսի 12-ից հետո ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին, Ադրբեջանը բանակցություններում առաջ է քաշում հետևյալ դիրքորոշումը՝ Հայաստանն էլ 2021-ից առաջ Ադրբեջանի տարածքներ է օկուպացրել և պետք է դուրս գա այդ տարածքներից։

«Մենք ասում ենք շատ լավ, եկեք հասկանանք՝ եթե ինչ-որ տարածքներից պիտի դուրս գանք, ինչ սահմանով պիտի դուրս գանք, որտեղից որտեղ պիտի գնանք։ Եթե մենք ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է ՀՀ-ի համար լինել շատ ընդունելի խոսակցություն»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ եթե Հայաստանը հյուսիս-արևելքում օկուպացրել է տարածքներ, դա նշանակում է, որ այդտեղ ինչ-որ տարածքային բաժանում կա, Ադրբեջանը պիտի ցույց տա «քարտեզը, գիծը», քանի որ այդ տարածքում հայկական 4 գյուղերի տարածք օկուպացված է։

«Oրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի 70 տոկոսն օկուպացված է, Պառավաքար գյուղի հողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերն է օպկուպացված։ Մենք ասում ենք՝ ցույց տվեք սահմանի գիծը ու ասեք այդ գիծն ինչ իրավական հիմնավորում ունի, այդ դեպքում մենք պատրաստ ենք իրադրությունը զարգացնել»,- հայտարարեց Փաշինյանը` ասելով, որ խոսքը Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը պաշտպանելու, ոչ թե զիջելու մասին է։

Մեկնաբանել