Արցախում ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

ՆԳՆ-ից նշում են, որ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

«Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին»,- տեղեկացնում է նախարարությունը։