ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. Ֆիլիպ Ռիքեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, որ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը մասնակցում է երկու երկրների հետ անմիջական փոխգործակցության միջոցով։

«Կարծում եմ՝ այն զարգացել է մինչև այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ դնել այս մանդատին»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» թեմայով քննարկմանն ասել է Ռիքերը։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանն ասել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ»։

«Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Թեև Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցությունն այլևս չի գործում։ Եվ մենք խաղաղ գործընթացին մասնակցում ենք անմիջականորեն կողմերի հետ: Մինսկի խումբը, ինչպիսին այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը պահպանվում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Եվ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շարունակում եմ շատ սերտ կապի մեջ մնալ իմ ֆրանսիացի գործընկերոջ, ԵՄ-ի հետ»,- նշել է Ֆիլիպ Ռիքերը։

***

2021-ի ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Դրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Մեկնաբանել