Հայաստանում մտադիր են եկամուտների համատարած հայտարարագրի համակարգ ներդնել, համակարգը կներդրվի 3 փուլով՝ 2023, 2024, 2025 թվականներին։ Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում նախատեսում է հավանություն տալ համապատասխան օրենսդրական փաթեթին ու ուղարկել այն Ազգային ժողով։
Ըստ նախագծերի հիմնավորման՝ գործող կարգավորումները չեն արտացոլում ֆիզիկական անձանց իրական եկամուտների պատկերը։ Համատարած հայտարարագրմամբ եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու և այն ռեզիդենտ քաղաքացիները, որոնք հաշվետու տարվա ընթացքում չեն ստացել եկամուտներ, և այն քաղաքացիները, որոնք ստացել են։ Հայտարարագիր պիտի ներկայացվի մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը։
2023-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական, հանրային ու համայնքային ծառայողները, նոտարները, 1 միլիարդ դրամի համախառն եկամուտ հայտարարագրած հայաստանյան ընկերությունների բաժնետերերը, իրավաբանական անձանց իրական շահառուները, 20 միլիոն դրամ և ավել վարկ ունեցող քաղաքացիները, եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիները։
2026-ից եկամուտների հայտարարագիր ներկայացնելու են բոլոր քաղաքացիները։ Նրանք ներկայացնելու են 2025-ի իրենց եկամուտների հայտարարագիրը։
«Հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է ունենալ նաև անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով Կառավարության կողմից իրականացվող ոլորտային քաղաքականությունների հասցեականությունը, հետևաբար նաև՝ արդյունավետությունը»,- նշված է կառավարության հիմնավորումներում։
Հայտարարագրման համակարգի տվյալները ֆիզիկական անձանց կողմից չհաստատելու դեպքում կարող է լինել պատասխանատվություն՝ ըստ խմբերի այն կարող է լինել 20 000-ից 300 000 դրամ։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ առաջին տարիների համար կարելի է մեղմ պատասխանատվություն սահմանել. «Որևէ պատասխանատվություն պիտի լինի, եթե չսահմանվի, համակարգը կարող է ձախողվել»,- հայտարարեց նա։
Խաչատրյանը նշեց, որ համատարած հայտարարագրման համակարգը չի նշանակում հարկային բեռի մեծացում ու հարկերի դրույքաչափերի փոփոխություն։ Նրա խոսքով՝ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները կարող են նաև իրենց եկամտահարկից սոցիալական կրեդիտներ հետ ստանալ պետությունից՝ կրթական, առողջապահական կամ բնակարանային ապահովման նպատակներով։
Համատարած հայտարարագրման համակարգը լինելու է թվայնացված, այն վերահսկվելու է Պետեկամուտների կողմից։
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ քաղաքացիների առաջին խումբը, որ ներկայացնելու է հայտարարագիր, արդեն իսկ ունի փորձ նման գործիքների հետ աշխատելու։ Բացի այդ, ՊԵԿ սպասարկման սրահները կարող են խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին, հաստատել հայտարարագրերը։ Քաղաքացիների հայտարարագրերը հրապարակային ու հասանելի չեն լինելու, այն օգտագործելու է ՊԵԿ-ը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ հաշվապահական ընկերությունների համար բացվում է նոր բիզնես դաշտ, քանի որ նրանք խորհրդատվություն են տրամադրելու ու օժանդակելու են քաղաքացիներին հայտարարագիր ներկայացնելու հարցում։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ՀՀ-ն կարող է հարատևել միայն քաղաքացիների պետություն ունենալու կամքի դեպքում, և համատարած հայտարարագրման համակարգն այդ կամքի արձանագրումն է։
Նախագծերի փաթեթը համարվել է անհետաձգելի։