Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե Արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախը մեր սրբավայրն է, ես երախտիքի խոսք եմ ուզում ասել ի դեմս Արցախի նախագահի՝ Արցախի ժողովրդին, մեր զավակների արած գործն ու սխրանքը գնահատելու ու արժևորելու համար: Սա գնահատանք է, արժևորումն է մեր տղաների գործած սխրանքի: Իսկ մեզ՝ ծնողներիս, սա օգնում է, որպեսզի կարողանանք ապրել»,- ասաց Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 116-րդ դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:

«Հակառակորդը, չունենալով շոշափելի առավելություն, ընդունեց զինադադարի պայմանները, և դա մեր հերոս տղաների շնորհիվ: Ես խոնարհվում եմ իրենց առաջ: Այս պարգևատրության արարողությունը վաղուց էինք պլանավորել և մեր եզդի Քյարամի պարգևատրումը ցանկանում էինք իրականացնել եզդիների Ազգային որևէ մեծ տոնի ընթացքում՝ իրենց հայրենակիցների ներկայությամբ, բայց, կարծես, ամեն անգամ որևէ բան խանգարում էր: Այսօրվա ընտրված վայրն էլ ոչ պակաս խորհրդանշական է. այն տեղի է ունենում Արցախի Հանրապետության Երևանյան ներկայացուցչության գրասենյակում: Սա Արցախի ժողովրդի շնորհակալությունն է բոլոր մեր հերոսներին և մեր եզդի եղբայրներին ու քույրերին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։