Գերություն, կտտանքներ, հոգևոր քարոզ Բաքվի եկեղեցում, վերադարձ

Գևորգ Թոսունյան

«Բաքվի ռազմական ոստիկանությունում, երբ հարցաքննությունը ավարտեցին, զենքը պահեցին վրաս, ասացին՝ «վերջ, դու էլ մեզ պետք չես», միանգամից հիշեցի աղջկաս՝ Ադելին, հայերեն խոսք ասացի, կրակեցին, բայց ոչ վրաս»։

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ որպես պահեստազորային ռազմաճակատ է մեկնում նաև Յոթերորդ օրվա Ադվենտիստների եկեղեցու հովիվ Հովսեփ Սահակյանը։ Նա գերեվարվում է ու գերության մեջ անցկացնում 50 օր։

«Չորս օր առանց սննդի բարձրացել եմ սարը, խոտ էի ծամում, ջուրը քաշում ու դեն նետում»

Հովսեփ Սահակյանը ներկայում ապրում է Աբովյան քաղաքում՝ իր երկու անչափահաս դուստրերի ու կնոջ հետ։ Նա Յոթերորդ օրվա Ադվենտիստների եկեղեցու հովիվներից է։ Այս եկեղեցին Հայաստանում 800, իսկ Ադրբեջանում՝ 500 հետևորդ ունի։

2020-ի հոկտեմբերի կեսերին զինվորական կոմիսարիատից կանչում են Հովսեփին։ Նա չի խուսափում ու գնում է, սակայն կոմիսարիատի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը եկեղեցու հովիվ է և մարդ սպանելու համար զենք չի վերցնի։

«Առաջին արձագանքը բացասական էր, մտածում էին, թե ես աղանդավոր եմ, որոշների նման խուսափում եմ ու չեմ ուզում գնալ ռազմաճակատ։ Ես ասացի, որ պատրաստ եմ առաջնագիծ գնալ, վիրավորներին կօգնեմ, խրամատ կփորեմ կամ տարբեր գործեր կանեմ, որոնք զենքի հետ կապված չեն։ Միայն հիշեցրի Աստվածաշնչի 6-րդ պատվիրանը՝ «Մի սպանիրը» և ասացի, որ այդ պատվիրանը պահում եմ, բայց չեմ հրաժարվում հայրենիքիս համար որևէ օգտակար ծառայություն իրականացնել։ Նրանք ոգևորվեցին, վերաբերմունքը փոխեցին»։

Հոկտեմբերի 17-ին Հովսեփին տանում են Արմավիր, ապա՝ Սիսիան, որտեղ մի քանի օր վարժանքների է մասնակցում։

«Սովորեցինում էին՝ ինչպես պաշտպանվել ԱԹՍ-ից և այլն։ Այնտեղ մնացել ենք չորս օր։ Հոկտեմբերի 25-ին մեզ տարան Կուբաթլու։ Առավոտ շուտ հասանք այդ տարածք, բաց դաշտ էր, միանգամից սկսվեց հրետակոծությունը»,- պատմում է Հովսեփը։ Նրա կարծիքով՝ դիրքեր մեկնելու ճանապարհին հակառակորդն իրենց հետևել է։

«Տպավորություն էր, թե նրանք պատրաստ՝ մեզ են սպասում։ Ավտոբուսները եկան, մեզ իջեցրին, հետ գնացին ու միանգամից սկսվեց հրետակոծությունը։ Երևի մեկ ժամ էլ չէր անցել։ Ցավոք, այնտեղ ունեցանք զոհեր ու վիրավորներ։ Սկսեցինք օգնել վիրավորներին։ Այդ ընթացքում ես էլ վիրավորվեցի աջ ոտքից։ Սկզբում չէի հասկանում, որ վիրավոր եմ. թեթև ծակոց զգացի, մոտ կես ժամ անցավ, հետո ես նկատեցի, որ աջ ոտքս ամբողջությամբ արյան մեջ է. ԱԹՍ-ն ինձ մոտ էր հարվածել, բեկորային վնասվածք էի ստացվել»։

Հովսեփին ու ևս չորս վիրավորների տեղափոխում են մի բեռնառարի բեռնախցիկ, որտեղ արկղերով դիզելային վառելիք ու ռազմամթերք կար։ Սկսում են մեծ արագությամբ երթևեկել։ Ճանապարհին Հովսեփը լսում է ԱԹՍ-ի «բզոցը»։

«Մեզ վարժանքներին սովորեցրել էին, որ մի ձայն կա, նռնակը որ քաշում են՝ պայթուցիչի կամ բոցավառիչի արձակման ձայն է գալիս, եթե այն լսում ենք, ուրեմն արկը կամ նռնակն ընկնում է։ Հենց այդ ձայնը լսեցի, մի քանի վայրկյան անց պայթուն եղավ ու մեքենան գլորվեց ձորը։ Մոտ 400-500 մետր իջնում էինք, այդ ընթացքում աջ ոտքիս տակ ինչ-որ բան ընկավ, ու ոտքս թարս ծալվեց, դուրս ընկավ։ Մենք հասանք ամենաներքևի մասը։ Մեքենան չպայթեց այդ վառելիքի ու զինամթերքի հետ միասին։ Ես ապշեցի, վեր կացա ու նայեցի շուրջս, ինձ հետ մյուս վիրավոր տղերքը զոհվել էին։ Միայն ես էի կենդանի մնացել»։

Որոշ ժամանակ անց Հովսեփը դուրս է գալիս բեռնախցիկից, հողի վրա թափված վառելիքի միջով 4-5 մետր սողալով առաջանում ու մնում պառկած, նորից լսվում է ԱԹՍ-ի ձայնը, որը գնալով՝ մոտենում էր։

«Լսեցի այդ չխկոցը։ Գլուխս վեր բարձրացրի ու տեսա, որ ԱԹՍ-ի նետած արկն ընկավ գետնին, մտածեցի, որ սա վերջն էր, բայց այն չպայթեց։ Դրանից հետո ևս երեք նման բոմբ ընկավ նույն տարածքում, դրանք ինձնից կլինեին առավելագույնը 5 մետր հեռավորության վրա։ Եթե միայն ես լինեի, կարծում եմ, որ իմ վրա չէին գցի, բայց քանի որ բեռնատար մեքենա էր մոտակայքում, որի մեջ արկղերով ամեն ինչ կար, դրա համար էին փորձում պայթեցնել»։

Մինչև մթնելը Հովսեփը մնում է այդ տեղանքում, իսկ գիշերը ուժերը հավաքում է ու սկսում բարձրանալ սարը՝ դեպի ճանապարհ։ Գիշերվա ընթացքում նրան հաջողվում է մինչև 100 մետր սողալ, դիմացի սարի վրա նկատում է հակառակորդին։

«Հաջորդ օրը ամբողջ ցերեկն այդտեղ անշարժ պառկած մնացել եմ, որ հանկարծ ինձ չնկատեն։ Եթե նկատեին, կարծում եմ, որ կարող էին անգամ քարով ինձ հարվածել. ինձնից մոտ 80 մետր հեռավորության վրա էին։ Ես մի քանի օր, կարծեմ՝ չորս օր բարձրացել եմ այդ սարը, առաջին օրը նրանք ինձնից ցածր էին, երկրորդ օրը ես էի բարձր։ Ոտքս չէի կարողանում շարժել, գոտիս հանել էի, մի ոտքս կապել մյուսին ու մեկը մյուսին կպած սողեսող գիշերները բարձրանում էի։ Մոտս ժգուտ չկար, ոչինչ չեմ փորձել անել»,- պատմում է Հովսեփը։

Նրա խոսքով՝ այդ ողջ ընթացքում իր մոտ չի եղել ոչ սնունդ, ոչ էլ ջուր։

«Ես սնունդ չունեի, վերջին գիշերը խոտ էի ուտում, ծամում էի, մեջի ջուրը քաշում ու մնացածը դեն նետում, որ մի քիչ կարողանամ դիմանալ»։

«Ադրբեջանցի հրամանատարը թևերիս շոր փաթաթեց, որ պադգարակին կապելիս չվնասվեն»

Չորրորդ գիշերը Հովսեփին հաջողվում է դուրս գալ դեպի ճանապարհ, լուսնի լույսի ներքո նա նկատում է երկու մեքենա, սկզբում որոշում է նստել դրանցից մեկը, սակայն կասկածում, որ դրանք կլինեն հակառակորդի մեքենաները, սպասում է մինչև լուսաբաց։

«Լույսը որ բացվեց, տեսա, որ մեր մեքենաներն են հրետակոծված վիճակում, կողքը դիակներ կային։ Թմբի վրա հենված էի, որոշեցի՝ երբ նորից մութը հասնի, մեքենաներից մեկի լույսերը կոտրեմ ու դրանով գնամ Սիսիան։ Ես տեղանքը չգիտեի, միայն ճանապարհն էի տեսել, թե որտեղից ենք եկել ու գիտեի, որ դեպի վերև պետք է գնամ, քանի որ դեպի ներքև իջնում է Կուբաթլու։ Բայց ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։

Որոշ ժամանակ անց Հովսեփը նկատում է իրեն մոտեցող հակառակորդին՝ մինչև 25 հոգի, որոնք խումբ-խումբ բարձրանում էին։

«Այդ պահին, քանի որ դիակներ կային, առաջին միտքը, որ եկավ՝ ես էլ մահացած ձևանամ, հետո նկատեցի, որ նրանք մոտենում են, բոլորին մեկ առ մեկ ստուգում։ Նրանց առաջին խումբը ինձնից 50 մետրի վրա էր, մյուսներն ավելի հեռու էին։ Ես ճանապարհին նստած էի, տեսա, որ դեպի ինձ են գալիս։ Մի քանի մետր էր մնացել, համարյա տեսնում էին ինձ, ձեռքերս բարձրացրի ու ռուսերեն ասացի, որ ես կենդանի եմ։ Մոտս ունեի իմ վկայականը, որ հովիվ եմ, անձնագիրն ու զինվորական գրքույկը։ Սկսեցին հարցաքննել, նրանցից մեկի հետ էի խոսում, երևի իրենց հրամանատարն էր, նա էր միայն ռուսերեն խոսում։ Մոտս ոչ զենք կար, ոչ էլ դանակ։ Զենքս դեռ հրետակոծության ժամանակ էի թողել, քանի որ պետք էր վազել ու վիրավորներին օգնել»։

Այդ տեղանքում խոցվել էր հայկական երկու մեքենա, որոնցից մեկը՝ շտապօգնության։ Հովսեփին տեղափոխում են այդ մեքենան ու տանում Ադրբեջան։

«Ես նրանց ասացի, որ եկեղեցու հովիվ եմ, սկզբում չարձագանքեցին, հետո որ տեսան վկայականս, դա իրենց հանգստացրեց։ Այնուհետև պատգարակը բերեցին, ինձ դրեցին վրան, թևերիս այդ հրամանատարը շոր փաթաթեց ու նոր կապեց ինձ պադգարակին, ասաց․ «Անում եմ, որ վնասվածք չստանաս»։ Զարմացա, որ նման բան կարող են նրանք անել։ Ես միայնակ էի այդ մեքենայում։ Վերջին պոստում իրենց խրամատները տեսա, դա հենց իրենց տարածքն էր, ոչ թե գրավվածը։ Բետոնապատ խրամատներ էին, մեր տարածքում նման բան չէիք տեսել, անվադողերով էին մեր խրամատները»։

«Զենքը պահեցին դեմքիս ու ասացին, որ էլ իրենց պետք չեմ, ես մտածեցի աղջկաս՝ Ադելի մասին»

Սկզբում Հովսեփին տանում են ռազմական ոստիկանություն ու սկսում հարցաքննել։ Հարցաքննություն իրականացնողները քաղաքացիական երկու անձինք էին, հայերեն փայլուն խոսում էին։ Հարցաքննության ժամանակ ամբողջ գիշեր Հովսեփին ծեծել են ռազմական ոստիկանության աշխատակիցները։

«Այնտեղ ֆիզիկական առումով ամենադաժան օրն էր։ Դուբինկաներով մի քանի հոգով ծեծում էին։ Հարցաքննում էին ու ծեծում։ Հարցնում էին, օրինակ, որ զորամասում ես եղել, համարն ասա։ Ես ոչինչ չգիտեի, Հոկտեմբերյանի զորամաս եմ գնացել, ոչ համարն եմ տեսել, ոչ էլ։ Պատասխաններ չէի տալիս, սկսում էին ծեծել»։

Այդ օրը հերթական անգամ նա մտածում է, որ այլևս վերջն է, իրեն սպանելու են։

«Հարցաքննության ավարտից հետո ինձ ասացին՝ «վերջ, դու մեզ էլ պետք չես», զենքը պահեցին վրաս, այդ պահին սկսեցի աղջկաս՝ Ադելի մասին մտածել, բարձրաձայն հայերեն ասացի՝ «Տեր Աստված, միթե Ադելին որբ կթողնես»։ Այդ պահին կրակոց լսվեց. թեև պահել էր ինձ վրա, բայց թեքեց ու նոր կրակեց»։

Հովսեփ Սահակյանը դստեր՝ Ադելի հետ

Այնուհետև Հովսեփին տանում են մեկ այլ վայր, որը, նրա կարծիքով, կարող էր պաշտպանության նախարարությունը լինել։

«Մեծ շենք էր, բարձր կոչումով զինվորականներ էին։ Ինձ նորից հարցաքննեցին։ Այդ բարձր կոչումով զինվորականներից մեկը հարցրեց՝ «հաց կերե՞լ ես», ասացի, որ առնվազն չորս օր չեմ սնվել, բերեցին հաց ու ջուր տվեցին։ Տարան հոսպիտալ, ոտքս տեղը գցեցին։ Բժիշկները նորմալ իրենց գործն արեցին, բեկորային վնասվածքիս չկպան։ Այնտեղ էլ մի քաղաքացիական անձ հարձակվեց վրաս ու ուժեղ ծեծեց։ Հիշել էր 1991-ը, ասում էր՝ «1991-ին դուք այսպես կամ այնպես արեցիք», ես պատասխանում էի, որ 1991-ին ես ծնվել եմ։ Ծեծը շարունակվեց նաև մեքենայի մեջ»։

Հոգևոր քարոզ՝ Բաքվի եկեղեցում

Հովսեփ Սահակյանը ուսանել է Մոսկվայի աստվածաբանական համալսարանում։ Իր հետ այդ տարիներին եղել են նաև ադրբեջանցի հոգևորականներ, որոնց նա հանդիպում է նաև Բաքվում ՝ գերության ընթացքում։

«Ես գիտեի, որ Բաքվում էլ մեր եկեղեցին կա, քանի որ մուսուլմաններ կան, որ հրաժարվել են ու դարձել քրիստոնյա։ Ինձ առաջարկեցին գնալ այնտեղ։ Այնտեղ մեր եկեղեցին 500 անդամ ունի։ Համաձայնեցի։ Իրենց նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանն այնքան բարդ իրավիճակում է, որ հոգևոր հովիվներին է ուղարկում պատերազմի, իսկ ես ընդամենը մտածում էի՝ եթե դուրս գամ, ինչքան շատ նկարեն ինձ, այնքան կավելանա փրկվելու հնարավորությունը»։

Եկեղեցում բազմաթիվ լրագրողներ էին, Հովսեփին ուղեկցում էին Ադրբեջանի ԱԱԾ-ի աշխատակիցները։ Նրան առաջարկում են ելույթ ունենալ, այդպես էլ անում է։

«Երբ ամբիոնի մոտ էի, ինձ թարգմանող հովիվին ճանաչեցի, նա մասնագիտությամբ բժիշկ է, նրա հետ սովորել եմ Մոսկվայում։ Նրա հետ զրուցել եմ նաև Բաքվի այդ եկեղեցում, ոտքիս վնասվածքի հետ կապված նա ինձ խորհուրդներ տվեց, թե ինչպես անել, որ այն չխորանա։ Մի քանի վարժություններ ասաց, որ անեմ»։

Հովսեփը հոգևոր քարոզներ է անում Հայաստանում, այդ քարոզները տեսագրում է ու տեղադրում Յութուբում։ Ճակատագրի բերումով նա ելույթ ունեցավ նաև Բաքվում։

Հովսեփ Սահակյանը Բաքվի Յոթերորդ օրվա Ադվենտիստների եկեղեցում

«Ինձ մի քանի բան էին ասել, որ իմ ելույթում անպայման նշեմ։ Հետո ես սկսեցի քարոզ կարդալ, խոսեցի «մի՛ սպանիր» պատվիրանի մասին, ավելի ուշ ինձ ասացին, որ ես 45 րոպե ելույթ եմ ունեցել։ Ինչպես այստեղ էի ելույթ ունենում, այնպես էլ այնտեղ։ Հնարավորություն կար խոսելու Բաքվում, ինչ-որ տեղ ոգևորություն էլ կար, ես սկսեցի խոսել։ Հետո ինձ եկեղեցու ծառայողներից մեկը ռուսերեն Աստվածաշունչ նվիրեց»։

2020-ի նոյեմբերի 11-ին Հովսեփին տեղափոխում են Բաքվի բանտ, որտեղ հանդիպում է իր ներկա ընկերներին՝ Վահեին ու Հայկին։ Նրանք կամավոր կերպով էին մեկնել ռազմաճակատ։

«Նոյեմբերի 11-ին մեր ծանոթության երկու տարին նշեցինք, լավ ընկերներ ենք։ Վահեի գլխին կրակել էին, փամփուշտը մտել էր ու մի կողմից դուրս եկել։ Հայկոյի մոտ նռնակ էր պայթել, ութ տեղից վիրավորում ուներ։ Բանտում մնացել ենք 33 օր։ Բանտում վերաբերմունքը տարբեր էր, էլ չէին ծեծում։ Լավ մարդիկ էլ կային։ Վահեն ու Հայկոն ասում էին, որ պատերազմի ծանր իրավիճակներում փորձել են «Հայր մեր» աղոթքն ասել, ասում էին՝ «Մենք մեզ վատ ենք զգում, որ քրիստոնյա ենք, բայց այդ աղոթքը չգիտենք»։ Սովորեցինք այն բանտում»։

2020-ի դեկտեմբերի 14-ին Հովսեփը, ընկերները ու ևս 41 գերի վերադառնում են Հայաստան։

«Մեզ բանտի մեքենայով տեղափոխեցին օդանավակայան, ձեռքերս ազատեցին, ասացին՝ բարձրացեք օդանավ։ Ռուս խաղաղապահների օդանավն էր, մեջը հայ էլ կար, ասաց՝ «Վերջ տղերք ջան, այստեղից արդեն հայերեն կարող եք խոսել, գնում ենք Հայաստան»։ Ուրախություններիս սահման չկար»։

Կյանքը՝ գերությունից հետո

Գերությունից հետ փոխվել է Հովսեփի վերաբերմունքը ընտանիքի, ինչպես նաև կյանքի հանդեպ։

«Ես որ հետ եմ նայում, մոտավորապես 7-8 իրական դեպք էր եղել, որտեղ ես կարող էի կենդանի չմնալ։ Այդ հրաշքները, որ տեսա Աստծո կողմից, դրանք ինձ ուժ են տվել»։

Հայաստան վերադառնալուց հետո, Հովսեփի խոսքով, եղել են անձինք, որ իրեն հերոս են անվանել, հետո գերիներին թիրախավորել են, երկու դեպքում էլ, նա խոսակցություններին լուրջ չի վերաբերվում։

«Երբ եկանք, խոսակցություն էր տարածվում, թե հերոսները եկան, անկեղծ ասած, դրան ուշադրություն չեմ դարձրել։ Ավելի ուշ սկսեցին գերիներին թիրախավորել։ Այնպես չէ, որ ես հերոս լինելու համար էի գնացել մարտադաշտ, ինձ համար այդ ամենը սովորական խոսակցություններ էին, որոնց ուշադրություն չեմ դարձրել»։

Հովսեփը ներկայում փորձում է թղթին հանձնել այն ամենը, ինչ զգացել է ու տեսել գերության ընթացքում. նա գիրք է գրում, մտադիր է մինչև տարեվերջ այն հանձնել տպագրության։

***

44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։ Այդ պատերազմից ի վեր Հայաստան է վերադարձվել ավելի քան 150 գերեվարված անձ: Ադրբեջանի կողմից հաստատված 33 անձ դեռ ադրբեջանական բանտերում է։ Իրավապաշտպանները վստահ են՝ նրանց թիվն ավելի մեծ է։

Մեկնաբանել