Պատրաստ ենք խոսել Ղարաբաղի հայերի, սակայն ոչ Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց հետ․ Ալիև

«Մենք Ղարաբաղում բնակվող հայերի հետ պատրաստ ենք խոսել, սակայն ոչ Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց հետ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նոյեմբերի 17-ին Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերով պատվիրակության հետ հանդիպմանը։

«Մենք Ղարաբաղում բնակվող հայերի հետ պատրաստ ենք խոսել, սակայն ո՛չ Մոսկվայի ուղարկած, գրպանում ռուս ժողովորդից գողացված միլիարդներ ունեցող Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց հետ: Նա Մոսկվայից այնտեղ է ուղարկվել շատ հստակ օրակարգով»,- նշել է Ալիևը:

Նա եվրոպացի պաշտոնյային հավաստիացրել է, որ Արցախի հայության հետ երկխոսության գործընթացը սկսվել է, և «եթե արտաքին միջամտություններ չլինեին», ըստ Ալիևի՝ գործընթացը կարող էր ավելի դինամիկ հունով ընթանալ:

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև խաղաղության պայմանագրի և դրա վերաբերյալ Հայաստանի առաջարկների մասին։

«Այսօր էլ նրանք (Հայաստանը – խմբ․) խաղաղությունից են խոսում, սակայն մենք չենք հասկանում, թե նրանք ինչպե՞ս են խաղաղությունը հասկանում: Դրանով հանդերձ մեր դիրքորոշումը շատ պարզ է»,- ասել է Ալիևը` նկատի ունենալով խաղաղության պայմանագրի հարցում Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները:

Ալիևը ոչ միանշանակ և հակասող է համարել Հայաստանից հնչող ազդակները․ «Նրանք ասում են, որ ճանաչում մեր տարածքը (տարածքային ամբողջականությունը – խմբ․) ու ինքնիշխանությունը, այդ թվում Պրահայում և Սոչիում դրա տակ ստորագում են, մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում սուվերենություն: Սակայն, միևնույն ժամանակ, նրանք Ադրբեջանում հայ փոքրամասնության հետ կապված հարցերը ցանկանում են արտացոլել խաղաղության պայմանագրում: Դա չի լինելու: Դա անհնար է և մենք թույլ չենք տալու։ Եթե նրանք ցանկանում են Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին խոսել, չի ստացվի»,- ասել է նա:

Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել հստակ դիրքորոշում որդեգրել՝ նորից առաջ քաշելով այն թեզը, թե Արցախի շուրջ հարցերը չեն վերաբերում Հայաստանին: