Ալիևի հայտարարության նպատակներն ու հայկական կողմի անելիքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի և նրա գլխավորած պատվիրակության հետ նոյեմբերի 17-ի հանդիպման ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հետ առնչություն ունեցող կետեր մտցնել խաղաղության պայմանագրի տեքստում: Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղի ու այնտեղ ապրող հայերի ճակատագիրը քննարկել Երևանի հետ: Ալիևը, սակայն, հավելել է. «Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով»:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ Բաքուն պատրաստ է խոսել այն մարդկանց հետ, որոնք ապրում ու ցանկանում են ապրել Ղարաբաղում` պնդելով, որ այդ գործընթացը գնում է արդեն: Ալիևը հայտարարել է նաև, որ եթե չլիներ որոշ երկրների միջամտությունը (այս ակնարկը Ռուսաստանի վերաբերյալ էր), այդ գործընթացը ավելի դինամիկ կլիներ:

Ալիևը այս հայտարարությամբ վստահաբար արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ռիքերը նոյեմբերի 16-ին մասնակցել էր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցի շուրջ բանակցություններին աջակցելու համար պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ:

Այդ մեխանիզմի ստեղծումը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների օրակարգի մասն է: Ուղիղ բանակցությունների ու վերոնշյալ միջազգային մեխանիզմի վերաբերյալ քննարկումները ամենայն հավանականությամբ մեկնարկել են սեպտեմբերի 27-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այդ հանդիպումից հետո մամուլում փաստաթուղթ էր արտահոսք եղել, որի մեջ արձանագրված էին որոշ պայմանավորվածություններ: Այդ փաստաթղթի վերաբերյալ արտահոսքից հետո պաշտոնական հերքում չի եղել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Վաշինգոտնյան փաստաթղթի մեջ ուղիղ բանակցությունների մասին հատվածում, մասնավորապես, նշվում էր. «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, որը կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի hայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ-ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանության միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ-ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»:

Նոյեմբերի 17-ի իր հայտարարություններով Իլհամ Ալիևը երկու հիմնական խնդիր է փորձել լուծել: Մի կողմից նա փորձում է ցույց տալ, որ կառուցողականորեն է տրամադրված և պատրաստ է երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը փորձ է կատարում բացառել Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող նոր միջազագային ձևաչափի ստեղծումը:

Ադրբեջանի իշխանությունները իրենց բոլոր շփումները Արցախի իշխանությունների հետ միջազգային հանրությանն են ներկայացնում որպես այսպես կոչված ռեինտեգրացիայի գործընթացի մաս: Նրանք պնդում են, որ այդ ուղիղ շփումները Ադրբեջանի ներքին գործն են, և Բաքուն պարզապես կարող է որպես բարի կամքի դրսևորում, միջազգային հանրությանը տեղեկացնել դրանց ընթացքի ու արդյունքների վերաբերյալ: Նմանատիպ շեշտադրումներով հայտարարություններ Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական այլ պաշտոնյաները անում են վաշինգտոնյան հանդիպումից հետո: Բաքուն Արցախի ներկայացուցիչների հետ բանակցություններ պատարաստ է լինելու սկսել միայն սեփական օրակարգով ու պայմաններով, որոնք կտրականապես տարբերվելու են հայկական կողմերի պատկերացումներից ու ակնկալիքներից:

Ստեղծված իրավիճակում Ստեփանակերտն ու Երևանը մի շարք հստակ անելիքներ ունեն:

  1. Հայաստանի իշխանությունները չպիտի ստորագրեն խաղաղության պայմանագիրը, քանի դեռ չկա միջազգային ձևաչափի ներքո Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունները երաշխավորող գրավոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ: Սրա մասին վերջերս հայտարարվել էր նաև պաշտոնական մակարդակով: Այս հարցում հետևողական մոտեցում է պետք:
  2. Երևանն ու Ստեփանակերտը պետք է ունենան միջազգային այդ մեխանիզմի վերաբերյալ հստակ պատկերացումներ ու հանդես գան սեփական առաջարկներով: Պետք է ուսումնասիրել ու օգտագործել միջազգային փորձը` այդ թվում մեր տարածաշրջանում առկա նախադեպերը:
  3. Ստեփանակերտը չպետք է հրաժարվի Բաքվի հետ ուղիղ բանակցություններից, եթե դրանք տեղի ունենան միջազգային մեխանիզմի կամ ձևաչափի առկայության պայմաններում:

Մեկնաբանել