Արցախում ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։

«Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

«Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար»,- նշում են ՆԳՆ-ից։

Ադրբեջանցիները գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակել էին նաև նոյեմբերի 16-ին՝ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի հատվածում։