Վրաստանում ընդդիմադիր Formula հեռուստաընկերության ակտիվները, հնարավոր է, բռնագրավվեն

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Դավիթ Կեզերաշվիլին, պատկերազարդումը՝ Շոթա Կինչայի:


Շոթա Կինչա, OC Media

Վրացական ընդդիմադիր Formula հեռուստաալիքը կանգնած է հնարավոր բռնագրավման վտանգի առաջ, քանի որ կառավարությունը միլիոնավոր դոլարների փոխհատուցում է պահանջում հեռուստաընկերության սեփականատիրոջից, ինչը մտահոգություն է առաջացրել Վրաստանում լրատվամիջոցների ազատության հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում։

Formula հեռուստաալիքը 2019 թ․ հիմնադրել է Դավիթ Կեզերաշվիլիին։ Այն շատ արագ դարձավ ազդեցիկ ընդդիմադիր հեռուստաալիք Վրաստանում:

Կառավարության պաշտոնյաները և իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հրաժարվել են Formula-ի ծրագրերին մասնակցելուց և հեռուստաալիքին հաճախ մեղադրել են «արմատական ընդդիմությանը» պատկանելու մեջ:

Այս լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2021 թ․ հուլիսի 5-ի հոմոֆոբ անկարգություններից հետո, երբ Formula-ն և ընդդիմադիր այլ ալիքներ կառավարությանը քննադատեցին անկարգությունները լուսաբանող լրագրողներին չպաշտպանելու համար:

Երբ Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան մահացավ հոմոֆոբ ամբոխների կողմից հարձակման ենթարկվելուց մեկ շաբաթ անց, չորս հեռուստաալիքներ՝ Formula, Mtavari, Pirveli և Kavkasia, մեկ օրով դադարեցրին հեռարձակումը և կառավարությանը կոչ արեցին հրաժարական տալ:

Formula-ի լրագրող Վախթանգ Սանայան Թբիլիսիում հակակառավարական ցույցի ժամանակ, 17 հուլիսի, 2021։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Հեռուստաընկերության հիմնադիր, կառավարության նախկին պաշտոնյա Դավիթ Կեզերաշվիլիին մի քանի աղմկահարույց դատական գործեր է պարտվել, ինչի հետևանքով այսօր հնարավոր է, որ Formula-ի ակտիվները բռնագրավվեն։

Ո՞վ է Դավիթ Կեզերաշվիլին

Կեզերաշվիլին «Միասնական ազգային շարժում» կուսակցության կարկառուն անդամներից մեկն էր, երբ կուսակցությունն իշխանության էր։ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք նա 2004-2006 թվականներին զբաղեցրել է ֆինանսական ոստիկանության ղեկավարի պաշտոնը, որից հետո դարձել է պաշտպանության նախարար։ Այս պաշտոնից նա հրաժարական է տվել 2008 թ․ օգոստոսյան պատերազմից չորս ամիս անց:

Դավիթ Կեզերաշվիլի, լուսանկարը՝ timer.ge

Դավիթ Կեզերաշվիլիի հրաժարականից 10 օր անց նրա վստահելի անձիք օֆշորային երեք ընկերություն են գրանցել, որոնց հաշիվներին, ըստ շվեյցարական Tribune De Geneve պարբերականի, Կեզերաշվիլին միլիոնավոր դոլարներ է փոխանցել։

Նա նաև լքել է երկիրը, և որոշ տեղեկությունների համաձայն՝ գտնվում է Մեծ Բրիտանիայում:

Կեզերաշվիլիի նոր ի հայտ եկած հարստության պատճառով Սաակաշվիլիի նախագահությունից հետո իշխանության եկած «Վրացական երազանք»-ի կառավարությունը նրան մեղադրեց նախարարի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում 5,060,000 եվրո (5,200,000 դոլար) յուրացնելու մեջ:

Վրացական երկու դատարաններ Կեզերաշվիլին անմեղ են ճանաչել յուրացման մեղադրանքով, վերջին գործը տեղի է ունեցել 2017 թ․: Սակայն 2021 թ․ սեպտեմբերին Վրաստանի Գերագույն դատարանը բեկանեց արդարացման երկու դատավճիռները, նրան մեղավոր ճանաչեց և հեռակա դատապարտեց 10 տարվա ազատազրկման:

Ավելի ուշ այդ ամսվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը հաջողությամբ դատի տվեց նրան և փոխհատուցում պահանջեց, ինչը լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մոտ մտավախություն առաջացրեց, որ պետությունն ի վերջո աչք է դնելու Վրաստանում նախկին պաշտոնյայի ունեցած գլխավոր ակտիվի՝ Formula հեռուստաընկերության վրա։

Նախարարությունը, ի պատասխան, պնդեց, որ «նույնիսկ չի դիտարկում» Formula-ի ակտիվների բռնագրավումը: Պաշտպանական գերատեսչությունից վկայակոչեցին «արտահայտման ազատության նկատմամբ իրենց հարգանքը» և պնդեցին, որ Կեզերաշվիլին հեռուստաալիքից դիվիդենտներ չի ստացել:

Այնուամենայնիվ, Թբիլիսիում տեղակայված Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Էդուարդ Մարիկաշվիլին ասել է, որ, ի վերջո, պաշտպանության նախարարությանը չի որոշում, թե որ ակտիվներն են բռնագրավման ենթակա։

«Քանի որ Կեզերաշվիլին ենթադրաբար Վրաստանում չունի այլ ակտիվներ, մեծ հավանականություն կա, որ օրինական ճանապարհով [ակտիվների սառեցմանը] հնարավոր կլինի հասնել միայն Formula-ի բաժնետոմսերի միջոցով և ոչ մի այլ կերպ»,- նոյեմբերի 17-ին OC Media-ին ասել է Մարիկաշվիլին:

«Անկախ նրանից, թե «Վրացական երազանք»-ը կամ Պաշտպանության նախարարությունն ինչպես կարող են քողարկել այս քրեական գործը, ընկալումն այն է, որ դրա հիմնական նպատակը Formula-ի վրա ազդելն է»,- հավելել է նա։

Խաչակրաց արշավանք լրատվամիջոցների դե՞մ

Վրաստանում լրատվամիջոցների ազատության հետ կապված մտահոգություններն ավելացել են այն պնդումների ֆոնին, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կապված է դատական համակարգի հետ և ազդեցություն ունի դրա վրա։

Մայիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեկ այլ նախկին պաշտոնյա և ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիային դատապարտեց երեքուկես տարվա ազատազրկման՝ լրատվամիջոցի ղեկավարի իր դիրքը չարաշահելու համար: Դեպքը բուռն քննադատության արժանացավ լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող խմբերի և Վրաստանի հանրային պաշտպանի կողմից:

Մայիսի 16-ին մի քանի այլ հեռուստաալիքների բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում՝ Mtavari-ի ժամանակավոր տնօրեն Գիորգի Գաբունիան (լուսանկարում), զգուշացրել են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում «պաշտոնապես ֆորմալացրել է ավտոկրատիան»։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Հունվարին Pirveli հեռուստաալիքի հիմնադիր Վախթանգ Ծերեթելիի հայրը՝ Ավթանդիլ Ծերեթելին, մեղավոր ճանաչվեց փողերի լվացմանը մեղսակից լինելու մեջ։ Թեև նրան հաջողվեց խուսափել ազատազրկումից, նա պնդում է, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Վրաստանի դեմոկրատական նախաձեռնության իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտեց վճիռները՝ այն որակելով որպես «կամայական արդարադատություն լրատվամիջոցների ղեկավարների նկատմամբ, օրինականորեն չհիմնավորված մեղադրանքներ և ընտրովի ռեպրեսիվ միջոցներ իշխանություններին քննադատող հեռարձակողների նկատմամբ»:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից ամեն տարի հրապարակվող մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Վրաստանն այս տարի զբաղեցրել է 89-րդ տեղը՝ 29 կետով զիջելով իր դիրքերը նախորդ տարվա համեմատ։