Արցախի նախագահը քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները խաղաղ բնակիչների դեմ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք»,- նշվում է հաղորդագրությունում:

***

Անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերը երկու տարբեր վայրերում կրակ են բացել դաշտում աշխատող գյուղացիների վրա։

Նոյեմբերի 18-ին ադրբեջանական մարտական դիրքից կրակ էր արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Ադրբեջանցիները գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակել էին նաև նոյեմբերի 16-ին՝ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի հատվածում։

Մեկնաբանել