Դիրքային պաշտպանություն, քարոզչություն և աշխարհազոր. վերլուծում են զինվորականները

Ի՞նչ խնդիրներ են եղել հայկական դիրքերում սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ, ինչո՞ւ է որոշ դեպքերում դիրքերի ամբողջ անձնակազմը զոհվել, ինչո՞ւ է հայկական կողմը այդքան կորուստներ տվել ընդամենը երկու օր տևած մարտական գործողությունների հետևանքով։ ՍիվիլՆեթը զրուցել է պայմանագրային մի շարք զինծառայողների, ինչպես նաև հատուկջոկատայինների վերապատրաստող գործող զինվորականների հետ։ Զինվորականների անունները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն հրապարակվում։

Դիրք պահելու գործող մոդելն այլևս կենսունակ չէ

Մեր զրուցակիցներն առաջարկում են փոխել աշխարհազորի հանդեպ մոտեցումը, ներդնել մեկ գյուղ՝ մեկ դիրք մոդելը, իսկ դիրքապահ ներկայիս մոդելն ընդհանրապես վերանայել։ Հարկավոր է ձևավորել մոբիլ ու համակարգված փոքր խմբեր, որոնք կկարողանան ավելի արդյունավետ պահպանությունից անցնել պաշտպանության։

«Մոբիլ խումբը հնարավորություն է տալիս կրճատել բանակի թվակազմը՝ չիրականացնելով դիրքային կամ գծային պաշտպանություն։ Նրանք միշտ պետք է տեղաշարժի մեջ գտնվեն, որ հակառակորդը այդ խմբերին չֆիքսի վերևից։ Եթե օդը բաց է, անընդհատ տեղաշարժի միջոցով հնարավոր է հակառակորդին գցել ծուղակն ու ոչնչացնել»։

Մոբիլ խմբերը կազմվում են մինչև 50 հոգանոց անձնակազմից, որոնց մեջ լինում են մարտական պատրաստության անցած տարբեր զինծառայողներ։ Այդ խմբերի անձնակազմի անդամները պետք է միմյանց ճանաչեն, ունենան կապի միջոցներ ու առաջին բուժօգնության պարագաներ։

«Արցախյան վերջին պատերազմին մեր զոհերի առնվազն 10 տոկոսը համապատասխան բուժօգնություն չստանալու հետևանքով է»։

Զինվորականներն արձանագրում են, որ 18-20 տարեկան զինվորները մեծամասամբ դիրքեր են տեղափոխվում ու իրականացնում դիրքային պահպանություն՝ չիմանալով տեղանքը։

«Ժամկետային զինծառայողների մեծամասնությունը առ այսօր փակ «Ուրալ»-ներով են տեղափոխվում դիրքեր, այսինքն՝ զինվորը զորամասից մարտական դիրք գնալու ճանապարհը չի տեսնում, ուստի նահանջի դեպքում նա խնդիրների առաջ է կանգնում։ Եթե նրա հրամանատարը զոհվել է, նա էլ ավելի բարդ իրավիճակում է հայտնվում նահանջի կամ վերադիրքավորման դեպքում»։

Մեր զրուցակիցներից ոմանց խոսքով՝ մարտական դիրքերի վրա հարձակման պարագայում ադրբեջանական կողմը աշխատում է տարրական մեթոդաբանությամբ. հրետանին է հարվածում, ակտիվ օջախները թիրախավորում են ԱԹՍ-ները, այնուհետև հարձակվում են հատուկջոկատայինները։

«Վերջին դեպքերի ընթացքում մի դիրքի տեսագրություն կա. գրքով ինչպես գրված է, նույնկերպ մեր զինծառայողները շրջանակաձև պաշտպանության են անցնում, Բայրաքթարն էլ այնքան է հարվածներ հասցնում դիրքին, մինչև բոլորին հավաքում է մի տեղ, հետո մի հարվածից, ցավոք, բոլորը զոհվում են։ Սա գալիս է ապացուցելու, որ դիրքային պաշտպանությունն անիմաստ է։ Արցախյան վերջին պատերազմից առ այսօր դիրքային պատերազմը սխալ է պլանավորվել ու իրականացվել»։

Բացի այդ, օժանդակ ուժեր են հարկավոր։

«Կոնտակտի ժամանակ զինծառայողներին ապահովող խումբ պետք է լինի։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, օրինակ, սննդամթերքի ապահովումը իրականացվել է, սակայն զենք-զինամթերքի հարցը խնդիր էր. դու չես կարող վրադ մինչև 10 պահեստատուփ ունենալ, 500 փամփուշտ վերցնել։ Մարտը սկսվել է, կոնտակտի մեջ ես մտել, այդ ամենը ամենաշատը 2 ժամ է հերիքելու, իսկ արագ փոխհրաձգության դեպքում 20 րոպե հետո վերջանալու է, զինվորն էլ չի մնալու այդ տեղանքում մահանա, մեզ խելացի զինվոր է պետք, ոչ թե զինվորը գնա ու մահանա, ասենք՝ «հերոս էր»։ Զինվորը կարող է նահանջել, վերազինվել ու նորից հարձակվել, բայց որպեսզի դա տեղի չունենա, այսինքն՝ նահանջ չլինի, հարկավոր է՝ աջակցող խումբը ժամանակին հասնի»։

Դիրքային պաշտպանության ժամանակ ադրբեջանցիները այլ մեթոդ են կիրառում, նրանք սարի վերին ու ստորին հատվածում երկու դիրք են տեղադրում, ստորին հատվածի անձնակազմը նախատեսված է առաջին հարվածն իր վրա վերցնելու համար։ Երբ հարձակում է տեղի ունենում, այդ անձնակազմը մեծամասամբ ոչնչացվում է կամ փախչում, սակայն այս ընթացքում ադրբեջանցիները ժամանակ են շահում ինչպես համալրում իրականացնելու, այնպես էլ ԱԹՍ-ները օդ բարձրացնելու համար, ուստի նրանց պաշտպանական հիմնական օջախը՝ տվյալ դեպքում սարի բարձունքը, հնարավոր չի լինում վերահսկողության տակ վերցնել։

Զինվորականներից մեկը կարծիք հայտնեց, որ ճիշտ էր սեպտեմբերի 13-14-ին զորահավաք չկազմակերպելը։

«Հիմա դժգոհում են, թե ինչու Ջերմուկի դեպքերի հետ կապված պահեստազորայիններին չեն օգտագործել, միակ ճիշտ որոշումը դա էր։ Ղարաբաղում էլ, եթե ՄՈԲ-ը նման համատարած կերպով չանեին, երևի ադրբեջանցիներին ավելի ուշ հաջողվեր գրավել որոշ դիրքեր կամ ընդհանրապես չէր հաջողվի։ Առաջին հերթին անպաշտպան պահեստազորայինները խուճապ են առաջացնում անձնակազմի մյուս անդամների շրջանում։ Խուճապն ամենավտանգավորն է պատերազմում, եթե 50 հոգու մեջ 2-3 հոգի կանգնում ու ասում են, որ «Լավ չի վիճակը, մեռնելու են», վարակում է 15-20 հոգու։ Մյուս կողմից, նրանք ի վիճակի չեն բարդ պայմաններում մարտ վարել, ինչի հետևանքով պաշտպանություն իրականացնելիս լինում են կորուստներ, իսկ հակառակորդին հաջողվում է ճեղքել դիրքային պաշտպանական գիծը»։

Մյուսները համոզված են, որ պետք է անցյալում թողնել կամավորականների ներկա մոդելը։ «Անընդհատ աղաղակում են, որ Սյունիքն ենք կորցնում, բայց Սյունիքի մարզում կանոնակարգված համակարգ չի ստեղծվում. համակարգը պետք է դիմակայի մյուս համակարգին։ Կամավորական խմբերը 1990-ականների միջոց էին, դրանց ժամանակն անցել է։ Ցանկացած կամավորական խումբ, երբ եկել ու հասել է կրիտիկական պահը, ասել է՝ բանակ կա, թող այն իր խնդիրը կատարի։ Մեկ կամ երկու կամավորական խմբեր է կարելի առանձնացնել, որոնք մինչև վերջ մնացել են»։

Երկրորդ և երրորդ պաշտպանական բնագծեր չկան

Լրջագույն խնդիր կա առկա բնագծերի հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի գրեթե ողջ երկայնքով միայն առաջին բնագիծն է կահավորված։ Օրինակ, վերցնենք Երասխի բնագիծը։ Առաջնագիծն այնտեղ բավականին բարձր մակարդակի է, կա նաև երկրորդ բնագիծ, այն տեսանելի է արբանյակային լուսանկարներում, սակայն անգամ այս բնագիծը ամբողջական չէ։

Լուսանկարում կապույտով նշված է Երասխի առաջին բնագիծը, կարմիրով՝ երկրորդը, առաջինը շարունակվում է, մինչդեռ երկրորդ բնագիծը սկսվում է Արմաշի գերեզմաններից ու ավարտվում Տիգրանաշենի ճանապարհի մոտ։ Հակառակորդը, ճեղքելով առաջին բնագիծը, հեշտությամբ հայտնվելու է հայկական զորքերի թիկունքում։

«Նախ և առաջ, տեսահսկման սարքավորումները պետք է տեղադրվեն։ Առաջնագծից բացի, մինչև 5-րդ պաշտպանական բնագծեր պետք է լինեն, ինժեներական աշխատանքներ պետք է իրականացվեն, ինչը հեշտ կարելի է աշխարհազորի տարբերակով իրականացնել՝ մեկ տարվա ընթացքում (այդ տարբերակի մասին կզրուցենք՝ ստորև)»։

Այս հանգամանքը է՛լ ավելի արդյունավետ կդարձնի պաշտպանությունը․ նախ, եթե գրավեն առաջնագիծը, զինվորական անձնակազմը հստակ կիմանա, թե որտեղ է նահանջ կատարելու ու ինչ պաշտպանություն է իրականացնելու։

«Ինչը չկար Ջերմուկի մարտերի դեպքում, երբ առաջնագծի որոշ դիրքեր հակառակորդը գրավեց, զինվորներն ու աշխարհազորայինը, ինչպես նաև տարբեր զորամասերից հավելյալ ուժեր հասել էին տեղ, սակայն ոչ խրամատ կար, ոչ էլ խրամաբջիջ։ Երեք օր հետո են բնագիծ զբաղեցրել։ Այդ ամենը պետք է նախապես իրականացվեր։ Դեռ հարց է՝ առ այսօր մենք ունե՞նք բնագիծ։ Ճամբարակում երկրորդ բնագիծ չկա, եթե այդ սարերի դիրքերը վերցնեն, մինչև քաղաք պաշտպանական բնագիծ չկա։ Միգուցե Տավուշում լինի ու վերջ։ Ընդ որում, չկա երկրորդ բնագիծ, երրորդի մասին չեմ խոսում»։

Հայկական քարոզչամեքենան թույլ է

Հայաստանյան իրականությունում կա տարածված կարծիք, որ «պատերազմը հաղթեց թուրքական «Բայրաքթարը»», մինչդեռ մեր զրուցակցի խոսքով՝ այն ընդամենը հոգեբանական ճնշվածություն է առաջացրել։

«Պատերազմի ընթացքում զոհերի մեծ մասը եղել է հրետանուց, ինչպես նաև ավիահարվածներից ու դիպուկահարների կրակոցներից։ Դատաբժիշկներն էլ կասեն, որ մեր զոհերի առնվազն կեսը դիպուկահար կրակոցներից է։ Եղնիկների զորամասի վրա ժամը 07։00-ին ու 15։00-ին ինքնաթիռ էր անցնում, նույնը Քարվաճառի և Մարտակերտի ամբողջ պաշտպանական շրջանի պարագայում էր, երկու անգամ հարվածում էր, 250 կգ ավիառո՞ւմբը մեծ վնաս կտա, թե՞ «Բայրաքթարի» հարվածները։ Իհարկե, ավիառումբը»։

Նույնը վերաբերում է հակառակորդի հատուկջոկատայիններին. «Նրանք անընդհատ քարոզում են իրենց «Յաշման» ու «Կոմանդոն», մենք էլ դա լսում ենք, ու անզորության խնդիրներ են առաջանում»։

Ընդհանուր առմամբ, ըստ մեր զրուցակիցների, ներկայում անգամ հերոսի կերպարն է արատավորվել։

«Բոլորին ասում ենք՝ հերոսները, իսկ իրական հերոսներն ո՞ւր մնացին։ Մոնթե Մելքոնյանն էլ է հերոս, վերջին պատերազմից հետո 50-60 հոգի Արցախի հերոս կա, ո՞ւմ անունն եք հիշում։ 1700 հոգու տարան Ջաբրայիլ (Ջրական – խմբ․) կոտորեցին, երկու հոգու Հայաստանի հերոս տվեցին, ինչո՞ւ։ Հերոսի կոչումը տալիս են քաղաքը ազատագրողին կամ պաշտպանական շրջանը պահողին։ Ամբողջ Ջրականի շրջանը տվել են, ինչի՞ համար ես հերոսի կոչում ստացել։ Ռուբեն Սանամյանին հերոսի կոչում են տվել, կենդանի հերոս է, այդ մարդը սերունդների մեջ ի՞նչ արժեհամակարգ է սերմանում կամ Արցախի մյուս հերոսները։ Նրանց հետ պետությունը չի աշխատում, նրանց մարդիկ չեն տեսնում՝ որպես այդպիսին»։

Պահեստազորային համակարգը պետք է փոխել

Մեր զրուցակիցներից մեկն առաջարկում է փոխել պահեստազորայինների հավաքագրման համակարգը։ Նա արձանագրում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան մի շարք թերություններ՝ կապված աշխարհազորի հետ։ Նախ, նրանք այնպիսի տարածքներ էին տեղափոխվում, որտեղ տեղանքին ընդհանրապես ծանոթ չէին, դասակների կամ վաշտերի անդամներն իրար չէին ճանաչում, ոչ էլ հրամանատարին գիտեին, բացակայում էր նաև զորամասի հրամկազմի և աշխարհազորային ուժերի միջև կապը։

Մյուս կողմից, եղել են նաև համակարգված ու մարտունակ աշխարհազորային խմբեր։ «Օրինակ՝ Եղնիկների 106-րդ մարտական դիրքը։ Այդտեղ էին գտնվում Արցախի Կոճողուտ համայնքի բնակիչները։ Կար կարգ ու կանոն, լսում էին հրամանատարի բոլոր հրամանները, բարձր էր բարոյահոգեբանական վիճակը, չկար խուճապ»։

Այս և այլ օրինակներ նկատի ունենալով՝ մեր զրուցակիցն առաջարկում է աշխարհազորը կազմել համայնքներից և քաղաքներից՝ 22-50 տարեկան զինապարտներից։ Հարկավոր է նախօրոք առանձնացնել ծառայության ընթացքում մասնագիտություն ձեռք բերած զինապարտներին (հրետանավոր, կապավոր, հետախույզ, ֆագոտիստ և այլն)։

«Պարտադիր պայման է, որ համայնքները լինեն իրար հարևան նաև դիրքերում։ Դիրքերը կոչվում են տվյալ համայնքների անուններով։ Այս տարբերակի օգտակար գործողության գործակիցը բարձր է այն առումով, որ նախապես ծանոթ են լինում տեղանքին և դիրքին։ Պահպանությունից պաշտպանության անցնելիս հավելյալ խնդիրների չեն հանդիպելու, քանի որ այն պետք է զբաղեցնեն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում»։

Հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպը՝ զինվորականը կարծում է, որ այն ազդեցություն կունենա, որ դիրքապահները զանգվածային կերպով չլքեն դիրքերը։ Այսինքն՝ դիրքը լքողը այլևս հարգանքի չի արժանանա իր համայնքում։ Ավելի կհեշտանա դասալիքների հայտնաբերումը և պատասխանատվության ենթարկելը։ Սահմանամերձ գյուղերը, սահմանային բնագծերից բացի, ինժեներական աշխատանքներ են իրականացնում նաև իրենց գյուղերում։

«Սա արվում է այն նպատակով, որ առաջնագիծը ճեղքելուց հետո հակառակորդը կրկին հանդիպի դժվարությունների։ 44-օրյա պատերազմի ժամանակ նման խնդրի հանդիպեցինք Հադրութից Շուշի ընկած հատվածում, երբ Ավետարանոց, Սղնախ և Քարին Տակ գյուղերը գրեթե դիմադրություն ցույց չտվեցին։ Զոհերի մեծ մասը հրետակոծության հետևանքով էր։ Գյուղերը պետք է ունենան շրջանաձև պաշտպանության հնարավորություններ և ապաստարաններ։ Այս բոլոր ինժեներական աշխատանքների մեծ մասը պետք է իրականացնեն համայնքների բնակիչները՝ մասնագետների օգնությամբ»,- ասում է մեր զրուցակիցը։