«Վիվառո»-ի սեփականատերերը 2,5 միլիոն դոլարով գնում են Վիգեն Սարգսյանի շքեղ տունը՝ չնայած քրեական գործին

Մկրտիչ Կարապետյան, Անի Գրիգորյան

Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են կանխամտածված և/կամ անփույթ գործողություններով օգնել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց ունեցած գույքերը երրորդ անձանց օտարելու գործարքներում։ Ընդ որում, այդ գույքերը վաճառվում են այնպիսի պայմաններում, երբ դրանց ծագման վերաբերյալ քննվում է քրեական գործ։

ՍիվիլՆեթը պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։ Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։ Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առքուվաճառքի պայմանագիր էին ստորագրել, գումարը փոխանցվել էր Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել էր, դիմել էին Կադաստր՝ գրանցման համար։ Այս ամենից հետո միայն Քննչական կոմիտեն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։ Այս պատմության գլխավոր դերակատարներն են Վիգեն Սարգսյանը, «Վիվառո» և «Սոֆթկոնստրակտ» ընկերությունների համասեփականատեր Վահե Բադալյանի որդին, Քննչական կոմիտեն, Կադաստրի կոմիտեն։

Վիգեն Սարգսյանի բնակարանները Հյուսիսային պողոտայում

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մինչև այս տարվա ապրիլի 21-ը Հյուսիսային պողոտա 5 հասցեի բնակելի շենքում ուներ երկու բնակարան։ Շենքի կառուցապատողն այժմ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունն է եղել։ 2012-ին «Լոկալ դիվելոփըրզ»-ը շենքի բնակարաններից մեկը վաճառում է «Վիվառո»-ի սեփականատերերից Վահե Բադալյանին՝ 72 միլիոն դրամով։ Բնակարանի մակերեսը մոտ 180 քմ էր։ Ընդամենը մեկ տարի անց Բադալյանը բնակարանը վաճառում է Սվետլանա Հակոբյանին, որը ըստ իրավապահների, Մայրապետյանի հետ փոխկապակցված անձ է։ Վաճառքի գինը կազմում է 76 միլիոն դրամ։ Հակոբյանը բնակարանի սեփականատեր է մնում ընդամենը երկու ամիս, նույն տարվա ապրիլի 30-ին առքուվաճառքի պայմանագրով Հյուսիսային պողոտայի բնակարանն անցնում է Վիգեն Սարգսյանին, ձեռքբերող է դառնում Սարգսյանի կինը՝ Լուսինե Գալաջյանը։ Այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։ Եթե նախկին սեփականատերերի հետ գործարքների գինը տատանվում էր 72-76 միլիոն դրամի սահմաններում, բնակարանը Սարգսյանը ձեռք է բերում ընդամենը 47 միլիոն դրամով, և պայմանագրի կնքման օրն ամբողջ գումարը փոխանցվում է Մայրապետյանի ընկերությանը։ Նույն տարվա ընթացքում Սարգսյանը դիմում է Երևանի քաղաքապետարան ու ստանում շինթույլտվություն՝ բացօթյա հարթակի վերակառուցման ու ապակեպատման աշխատանքներ կատարելու համար։ Կատարվող աշխատանքների շրջանակում կառուցվում է նաև կցակառույց-վերնահարկ՝ 180 քմ-ի չափով, ևս 230 քմ կանաչապատվում է, կառուցվում է տեռասա։ Բնակարանի մակերեսը վաճառքի օրվա դրությամբ 550 քմ էր:

Այս տարվա ապրիլի 21-ին Ռոման Բադալյանը՝ «Վիվառո»-ի համասեփականատեր Վահե Բադալյանի որդին, 908 միլիոն դրամով կամ մոտ 2 միլիոն դոլարով ձեռք է բերում Վիգեն Սարգսյանի բնակարանը։ Գնորդը պարտավորվում է ողջ գումարը Սարգսյանի հաշվին փոխանցել մեկ օրվա ընթացքում։

Փոխանցումը կատարվում է, որից հետո կողմերը հայտարարություն են ստորագրում գումարի ստացման, միմյանցից ֆինանսական պահանջներ չունենալու մասին։

Վիգեն Սարգսյանը վաճառում է Հյուսիսային պողոտայի մյուս բնակարանը

Վիգեն Սարգսյանի ու Բադալյանների ընտանիքի միջև նույն օրը կատարվում է երկրորդ գործարքը, որով Ռոման Բադալյանը Սարգսյանից գնում է Հյուսիսային պողոտայի նույն շենքում գտնվող մեկ այլ բնակարան՝ 160 քմ մակերեսով։ Բադալյանը բնակարանը ձեռք է բերում ավելի քան 560 000 դոլարով ( ավելի քան 263 միլիոն դրամ):

Վիգեն Սարգսյանն այս բնակարանը ձեռք էր բերել Լևոն Սուլթանյանից՝ 47 միլիոն դրամով։ Լևոն Սուլթանյանը Սամվել Մայրապետյանին պատկանող Հ2 հեռուստաալիքի փոխտնօրենն է, Երևանում գրանցված է Մայրապետյանի կնոջ Գոհար Քյալյանի և որդու՝ Միքայել Մայրապետյանի հետ նույն հասցեում։ Ինչպես նախորդ դեպքում, այս բնակարանը նույնպես սկզբնապես պատկանել է Վահե Բադալյանին, վերջինս էլ վաճառել է Սուլթանյանին՝ 72 միլիոն դրամով, Սուլթանյանն էլ՝ Վիգեն Սարգսյանին։

Երկու բնակարանների վաճառքը, փոխանցումները, նոտարական վավերացումն ու Կադաստրի դիմումն իրականացվում են մեկ օրում, ու ամեն ինչ մեկ օրում ավարտելու նպատակը հայտնի է դառնում ապրիլի 22-ին, երբ Քննչական կոմիտեն դիմում է Կադաստրի կոմիտեին՝ Վիգեն Սարգսյանի բնակարանի նկատմամբ կալանք դնելու համար։

Վիգեն Սարգսյանի կողմից վաճառված բնակարանը

Վիգեն Սարգսյանը իրավապահների տեսադաշտում էր 2018-ի վերջից։ Ազգային անվտանգության ծառայությունը 2018-ի դեկտեմբերից քննում է քրեական գործ՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հատկանիշներով։ 2020-ի հոկտեմբերին ԱԱԾ-ից գործն անցնում է Քննչական կոմիտեին, գրեթե երկու տարի շարունակ Քննչականը փողերի լվացման առարկա հանդիսացող բնակարանների նկատմամբ կալանք չի կիրառում, և կալանքի մասին որոշում կայացվում է միայն այն ժամանակ, երբ Սարգսյանը վաճառում է բնակարանը։ Վիգեն Սարգսյանի բնակարանի նկատմամբ կալանք կիրառելու որոշման մեջ կարդում ենք, որ նա բնակարանի ձեռքբերմամբ նպատակ է ունեցել թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները և «քրեական գործով հիշյալ գույքը այլ անձանց օտարելու գործողությունները խափանելու համար անհրաժեշտ է կալանք դնել Վիգեն Սարգսյանի և Լուսինե Գալաջյանի անվամբ գրանցված և հանցագործության առարկա հանդիսացող գույքերի վրա»։ Կալանքի որոշումն ուղարկվում է Կադաստրի կոմիտեին։

Բոլոր գույքերի առքուվաճառքի դեպքում Սարգսյանի ներկայացուցիչ հանդես է գալիս Ալեքսանդր Սարկիսովը՝ Վիգեն Սարգսյանի հայրը։ Գույքերի վաճառքի համար «Արդշինբանկ»-ում բացվում է հաշվեհամար, որին էլ Բադալյանները կատարում են վճարումը։ Փոխանցված գումարը, ըստ պայմանագրերի, «Արդշինբանկ»-ից պիտի փոխանցվեր ամերիկյան «Քեմբրիջ Թրասթ» բանկում Վիգեն Սարգսյանին սպասարկող հաշվեհամարին։

Այս բնակարանի դեպքում էլ միայն վաճառքից հետո է Քննչական կոմիտեն կալանքի տակ վերցնում բնակարանը։

Կադաստրի կոմիտեն հրաժարվում է գրանցել Բադալյանների իրավունքը

Առքուվաճառքից, փոխանցումներից, նոտարական վավերացումներից հետո Ռոման Բադալյանի ներկայացուցիչը դիմում է Կադաստրի կոմիտե՝ բնակարանների ու ավտոկայանատեղիների նկատմամբ Բադալյանի սեփականության իրավունքը գրանցելու համար։ Կադաստրի կոմիտեն հրաժարվում է կատարել գրանցում։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը, պատասխանելով Սիվիլնեթի գրավոր հարցերին, հայտնեց, որ Բադալյանների իրավունքների գրանցումը բնակարանների ու ավտոկայանատեղիների նկատմամբ մերժվել է Քննչական կոմիտեի` դրանց վրա կալանք դնելու որոշման հիման վրա։

Ռոման Բադալյանի շահերի պաշտպան Մհեր Հայրապետյանը Կադաստրի մերժումներից հետո դիմումներ է հասցեագրել կոմիտեին՝ պահանջելով կատարել գրանցումը։ Այդ դիմումները Կոմիտեն մերժել է։ Դրանից հետո նա դիմել է վարչական դատարան ու հայտնել, որ Հյուսիսային պողոտա 5 շենքի բնակարանների ու ավտոկայանատեղիների նկատմամբ Ռոման Բադալյանի իրավունքների գրանցումը մերժելու որոշումն իրավաչափ չէ և խախտում է վերջինիս օրինական շահերը։ Հայրապետյանը հիմնավորում է իրենց պահանջը նրանով, որ պետական գրանցման ավելի վաղ ներկայացված գույքի նկատմամբ իրավունքներն ունեն առաջնահերթություն ավելի ուշ ներկայացված իրավունքների նկատմամբ։ Սա իր հերթին նշանակում է, որ եթե իրենք առքուվաճառքի պայմանագիրը ներկայացրել են ու խնդրել գրանցել Բադալյանի իրավունքը ավելի վաղ, դա առաջնահերթ է, քան սահմանափակումը։

Բադալյաններն իրենց հայցում նշում են նաև, որ գույքի նկատմամբ կալանքի որոշումը Կադաստրի կոմիտեում մուտքագրվել է շատ ավելի ուշ՝ ապրիլի 25-ին, իսկ իրենք դիմել են ապրիլի 21-ին։ Ռոման Բադալյանի փաստաբանի պնդմամբ՝ Կադաստրի կոմիտեն կալանքի մասին տեղեկացված է եղել բանավոր, այլ ոչ օրենքով սահմանված կարգով։ Նրանք վարչական դատարանին հայտնել են նաև, որ Ռոման Բադալյանը ապրիլի 14-ին Կադաստրից ճշգրիտ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ գույքի նկատմամբ սահմանափակումներ առկա չեն։

Բադալյանների ներկայացուցչի այս պնդումը ճիշտ է, սակայն այստեղ կա մի էական հանգամանք. Հյուսիսային պողոտայի այս բնակարանների վերաբերյալ ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ Բադալյանների ներկայացուցիչը տեղեկացված է եղել գույքի հետ կապված ԱԱԾ-ում ու Քննչական կոմիտեում առկա քրեական գործընթացի մասին։ Այլ կերպ ասած՝ թեև կալանք կիրառված չէր, սակայն գնորդ կողմը, ըստ մեր ուսումնասիրության, տեղյակ է եղել քրեական գործի առկայության մասին, գործով Քննչականի, ԱԱԾ-ի կողմից Կադաստրին տված հանձնարարականների մասին, իրավապահների կողմից առգրավված կադաստրային գործի մասին։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Ռոման Բադալյանի փաստաբան Մհեր Հայրապետյանի հետ։ Նա հաստատեց, որ զանգին պատասխանողը փաստաբան Մհեր Հայրապետյանն է, ապա հարցերը լսելուց հետո ասաց, թե «սխալ ենք զանգել»։

– Մենք ուզում ենք Ձեզ հարցնել Հյուսիսային պողոտա 5 շենքում Ռոման Բադալյանի իրավունքների գրանցման հետ կապված վեճի մասին։

– Ներողություն, Ձեզ ո՞րտեղից նման ինֆորմացիա, որ ես նման գործով ներկայացուցիչ եմ։

– Ես պիտի պատմե՞մ՝ որտեղից է դա մեզ հայտնի։

– Եթե ուզում եք ձեր հարցերին պատասխանեմ, պարտավոր եք պատասխանել։

– «Դատալեքս»-ից։

– Բայց չէ, սխալ եք զանգել ճիշտն ասած։

Փաստաբան Մհեր Հայրապետյանի հետ զրույցը

Վարչական դատարանում Ռոման Բադալյանը չորս հայց է ներկայացրել՝ երկու բնակարանների ու երկու ավտոկայանատեղիների հետ կապված։ Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել արդեն և Կադաստի կոմիտեին արգելել է գույքերի հետ կապված որևէ նոր գործողություն կատարել։ Այս գործով դատաքննություն տեղի է ունենալու հաջորդ տարվա ապրիլին։

Քննչական կոմիտեի «ծավալուն», «անհետաձգելի» աշխատանքը քրեական գործով

Այս ողջ պատմության հարցերի հարցն է, թե ինչու՞ Քննչական կոմիտեն տևական ժամանակ՝ մոտ երկու տարի, քննելով գործ այդ բնակարանների ձեռքբերման հետ կապված և փողերի լվացման հատկանիշներով, կալանք չի կիրառել գույքերի վրա և միայն գույքերի վաճառքից հետո է «հիշել» կալանքի մասին։

Քննչական կոմիտեն ՍիվիլՆեթին հրաժարվել է պարզաբանել այս հարցը։ Քննչականից միայն ասել են՝ գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ փողերի լվացման հատկանիշով։ Մյուս բոլոր հարցերին պատասխան չի տրվել։ Քրեական գործով մեղադրյալներ չկան, մեղադրյալներ չեն նաև Սարգսյանն ու նրա կինը։

Քանի որ առաջին հարցման պատասխանը թերի էր, երկրորդ անգամ գրավոր խնդրեցինք մեզ հայտնել՝ ինչո՞ւ քննիչի կողմից տևական ժամանակ կալանք չի կիրառվել գույքի նկատմամբ։ Քննչական կոմիտեից ասացին՝ «հարցերին տվել են սպառիչ պատասխան»։

ՔԿ-ի պատասխանը ՍիվիլՆեթին

Քննչական կոմիտեն Վիգեն Սարգսյանի հետ կապված այս գործը քննում է լռության պայմաններում։ Այս կառույցն երբևէ որևէ հաղորդագրություն չի հրապարակել նման գործի գոյության մասին։ Քննչական կոմիտեին նաև հարց էինք ուղղել՝ ինչու պաշտպանության պաշտոնաթող նախարարի հետ կապված քրեական գործի մասին պաշտոնապես չեն հաղորդել՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը։ Այս հարցին ևս չեն պատասխանել։

Ըստ էության, Վիգեն Սարգսյանը որևէ իրավական արգելք կամ կաշկանդվածություն չուներ վաճառելու բնակարանը, և առաջին հերթին իրավապահների պարտքն էր իրենց իսկ ձևակերպմամբ «հանցագործության առարկա հանդիսացող գույքերը» պահպանել՝ տարիներ շարունակ քննվող քրեական գործի շրջանակում։

Վիգեն Սարգսյան. Երևանի կենտրոնից՝ Մասաչուսեթս

Սարգսյանը Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներում է անկախության առաջին տարիներից՝ 1995-98 թվականներին եղել է խորհրդարանի այն ժամանակվա ղեկավար Բաբկեն Արարքցյանի օգնականը, 2003-2009 թվականներին՝ ՀՀ նախագահի օգնականը, 2009-2011 թվականներինին՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2011-2016 թվականներին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 2016-2018 թվականներին՝ պաշտպանության նախարար։ Հեղափոխությունից հետո Սարգսյանը թողեց պաշտոնը, մեկնեց ԱՄՆ՝ կրթական և աշխատանքային նպատակներով։

Հոկտեմբերին 1in.am կայքի սեփականատեր Արման Բաբաջանյանը հրապարակել էր Մասսաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում Վիգեն Սարգսյանի ու նրա կնոջ գնած առանձնատան փաստաթղթերից մեկը։ Նրանք տունը գնել էին ավելի քան 2 միլիոն դոլարով։ Ավելի ուշ նախկին նախարարը հաստատեց այդ փաստը՝ նշելով, որ այժմ ԱՄՆ-ում աշխատում է կայուն եկամուտ ապահովող մի ընկերությունում, բացի այդ վաճառել են 2013-ին ձեռք բերած իրենց բնակարանն ու գնել ԱՄՆ-ի այս առանձնատունը։ «ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին` անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար: Այսինքն, որևէ «բացահայտում» այստեղ ի սկզբանե լինել չի կարող»,- վստահեցրել էր Վիգեն Սարգսյանը։ Վաճառված գույքը, որի գումարով ձեռք է բերվել Բելմոնտի տունը, ըստ էության, Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայի բնակարաններն են։

Չորս տարի առաջ մի հարցազրույցում, խոսելով Հյուսիսային պողոտայում շքեղ տուն ունենալու մասին, պաշտպանության նախկին նախարարը ասել էր՝ ստացել է իր բաժին ժառանգությունը, կառավարել այն, իր առաջին բնակարանը ձեռք բերել Աջափնյակում, որը հարմար գնով վաճառել են, Կենտրոնում նոր կառուցվող մի շենքում բնակարան գնել, այնուհետև ստացել Հյուսիսային պողոտայի այդ բնակարանը գնելու առաջարկություն։ «Սա մենք ձեռք ենք բերել՝ վաճառելով մեր նախորդ բնակարանը։ Սա չորս պատ էր, վերանորոգել ենք։ 2015 թվականից ապրում ենք այստեղ»- պատմել էր Սարգսյանը։

ԱՄՆ-ում Վիգեն Սարգսյանի կողմից ձեռք բերված առանձնատունը

Ինչ վերաբերում է «Վիվառո»-ի սեփականատերերին, նրանք մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել են գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ կապերի մասին հրապարակումներով։ Օրինակ, հայտնի է, որ Վահե Բադալյանի եղբայրը՝ Վիգեն Բադալյանը, մտերիմ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ «Հետք»-ը մոտ մեկ տարի առաջ գրել էր, որ Սիմոնյանը, նրա կինը, ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը միասին հանգստացել էին Հունաստանի Միկոնոս կղզում, այցելել թանկարժեք ժամանցի վայրեր։ «Հետք»-ը նշել էր, որ, ըստ ամենայնի, նրանք Հայաստան էին վերադարձել մալթայական բիզնես դասի ավիաընկերության մի ինքնաթիռով ու ուշադրություն սևեռել փաստի վրա, որ Բադալյանների ընտանիքը նաև Մալթայի քաղաքացիություն ունի։

Բացի«Վիվառո» բուքմեյքերական ցանցից՝ Վահե, Վիգեն, Ռոմիկ Բադալյաններին են պատկանում «Կովկաս» ռեստորանային համալիրները, «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, որ վերջերս ստացավ բանկային գործունեության լիցենզիա։ Բադալյաններին է պատկանում գյուղատնտեսական ոլորտի ներդրող «Կովկաս ագրո» ընկերությունը, որը զբաղվում է ինտենսիվ այգիների հիմնմամբ։ Բադալյանները նաև ՏՏ ոլորտի «Սոֆտկոնստրակտ» ընկերության սեփականատերերն են։ Բադալյան եղբայրները մեդիա դաշտում հայտնի են սպորտային հեռուստաալիք Vivaro Media-ով։ Վիգեն Բադալյանը 2020-ից Կոլումբիայի պատվավոր հյուպատոսն է Հայաստանում։

Մեկնաբանել