Կառլեն Մկրտչյան. Առողջությունս արդեն թույլատրում է պաշտոնական խաղ անցկացնել

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել քթի վիրահատությունից հետո` մասնակցելով երիտասարդական թիմի խաղին: Հանդիպումից հետո Կառլենը զրուցել է ակումբի պաշտոնական կայքի հետ:

-Առողջությունս արդեն թույլատրում է խաղալ պաշտոնական հանդիպումներում: Արդեն 3 շաբաթ է ընդհանուր խմբում եմ մարզվում: Այնպես որ ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, ուրախ եմ, որ մեր երիտասարդներն առաջին հաղթանակը տոնեցին: Հուսով եմ` այս թիմը հետագայում լավ հանդես կգա երկրի առաջնությունում:

-Կառլեն, ի՞նչ ես կարծում, մեր երիտասարդականում տաղանդավոր խաղացողներ կա՞ն, ովքեր հետագայում կհամալրեն առաջին թիմը:

-Իհարկե: Տաղանդավոր տղաներ կան, կարևորը` նրանք պետք է շատ քրտնաջան աշխատեն: Միայն այդպես կարող են հաջողության հասնել:

-Դու խաղը պաշտպանիչ դիմակով սկսեցիր, ապա հանեցիր այն: Ինչո՞ւ:

-Այո, դիմակով սկսեցի, բայց այն ինձ շատ էր խանգարում: Մի քիչ ռիսկի գնացի, բայց պետք է փորձել առանց դիմակի խաղալ:

Մեկնաբանել