Ադրբեջանն առաջին շիա երկիրն է, որը դեսպանություն է բացում Իսրայելում․ Al-Monitor

Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Բեննի Գանցն ու Զաքիր Հասանովը

Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում՝ դառնալով առաջին շիա երկիրը, որը դեսպանություն կունենա այդ երկրում, գրում է Al-Monitor կայքի սյունակագիր Մազալ Մուալեմը։

Իսրայելի նորընտիր վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանակցություններ է վարում կոալիցիա կազմելու համար, և ի թիվս այլ բաների՝ դեռ պարզ չէ, թե ով է ղեկավարելու իսրայելական դիվանագիտությունը առաջիկա տարիներին և որոնք են Իսրայելի նոր արտաքին քաղաքականության ուղենիշները, նկատում է հեղինակը: Եվ քանի որ հանրության ուշադրությունը սևեռված էր այդ բանակցություններին, անցած ուրբաթ՝ նոյեմբերի 18-ին, Ադրբեջանի խորհրդարանի որոշումը Իսրայելում դեսպանատուն բացելու վերաբերյալ քիչ լուսաբանվեց լրատվամիջոցներում։

Իսրայելն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են պահպանում երեք տասնամյակ։ Իսրայելը դեսպանատուն ունի Բաքվում, մինչդեռ Ադրբեջանը Իսրայելում՝ ոչ։ Ինչպես գրում է Մուալեմը, Իսրայելում ադրբեջանական դեսպանություն բացելու որոշումը, անկասկած, հեռացող վարչապետ Յաիր Լապիդի համար կարող է դիվանագիտական խոշոր ձեռքբերում համարվել։

Լապիդը շտապել է ողջունել այս իրադարձությունը՝ ասելով, որ «այն արտացոլում է երկու երկրների միջև խորը հարաբերությունները»։ Նրա խոսքով՝ այս քայլը Իսրայելի կառավարության՝ մուսուլմանական աշխարհի հետ ամուր դիվանագիտական կամուրջներ կառուցելու ջանքերի արդյունք է։

Որոշմանն արձագանքել է պաշտպանության նախարար Բեննի Գանցը՝ նոյեմբերի 20-ին Twitter-ում տեղեկացնելով, որ խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, շնորհակալություն հայտնել նրան այդ կարևոր որոշման և վերջին մի քանի տարիների ընթացքում երկու երկրների գործընկերությունն առաջ մղելու ջանքերի համար:

Ինչպես գրում է հեղինակը, Ադրբեջանի սերտ հարաբերություններն Իսրայելի հետ հիմնված են Իրանի հանդեպ ընդհանուր վախի վրա։ Թեև երկուսն էլ շիադավան են, սակայն Ադրբեջանի շիա իսլամը ավելի չափավոր է, քան Իրանի արմատական շիիզմը։

«Արդյունքում Երուսաղեմն ու Բաքուն ավելի սերտ կապեր ունեն անվտանգության ոլորտում։ Ըստ օտարերկրյա հրապարակումների՝ Մոսադը գործուն ներկայություն ունի Ադրբեջանում։ Թեհրանում իրանական միջուկային արխիվը գողացած խումբը, ինչպես հաղորդվում է, փախուստի է դիմել հենց ադրբեջանական սահմանով։

Եվ դա դեռ ամենը չէ: Իսրայելի և Ադրբեջանի միջև անվտանգության և առևտրի ոլորտներում համաձայնագրերը զգալիորեն ընդլայնվել են վերջին մի քանի տարիների ընթացքում, այնպես որ, Ադրբեջանը ներկայում Իսրայելի էներգիայի խոշորագույն մատակարարն է, իսկ Իսրայելը՝ Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարներից մեկը»,- գրում է Al-Monitor-ը։

Այնուամենայնիվ, չնայած երեսնամյա դիվանագիտական հարաբերություններին, Բաքուն մինչ այժմ խուսափում էր Թել Ավիվում դեսպանատուն բացելուց։ Պատճառը Իրանի հետ նրա հարաբերությունների սրման մտավախությունն էր և իր դաշնակից Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցելու ցանկությունը։ Բայց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի հետ մերձեցում նախաձեռնեց, Ադրբեջանն սկսեց ավելի վստահ առաջ մղել Իսրայելի հետ հարաբերությունները։

Փաստը, որ Ադրբեջանը կայացրել է այդ որոշումը՝ իմանալով, որ աջ, ծայրահեղ ուղղափառ կառավարությունն է շուտով իշխանության գալու Իսրայելում, վկայում է այն մասին, թե որքան վստահ է իրեն զգում Իսրայելի և ընտրված վարչապետ Նեթանյահուի հետ հարաբերություններում, եզրափակում է հեղինակը։

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ 2016-2020-ին Ադրբեջան ներկրվող սպառազինության 70 տոկոսը եղել է Իսրայելից։

2016-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք։

Մեկնաբանել