Նոյեմբերի 20-ին Թեհրանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր։ Երկկողմ առևտրատնտեսական նախագծերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Իրանի ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Խորհրդակցությունների ժամանակ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: