Ադրբեջանցիները Արցախի Մաճկալաշենի հատվածում կրակել են տրակտորի ուղղությամբ․ ՊԲ

Ադրբեջանցիները կրակել են Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ անող տրակտորի ուղղությամբ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

«Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են, որ հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը նաև հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե հայկական կողմն է կրակ բացել։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է հայտարարությունում։

Մեկնաբանել