Վրաստանի ընդդիմությունն առաջարկում է օլիգարխիայի դեմ սեփական օրենքը

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ընդդեմ օլիգարխիայի օրենք է ներկայացրել՝ ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած նախագծին: «Միացյալ ազգային շարժումը» նախագիծը խորհրդարան է ներկայացրել կիրակի օրը։

Ընդդիմադիր խմբակցություններն ավելի ու ավելի են անհանգստանում, որ խորհրդարանում «Վրացական երազանքի» կողմից հովանավորվող օրինագիծը կարող է ազդել ընդդիմադիր կուսակցությունների վրա՝ շրջանցելով իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:

Իր օրենքի նախագծում «Միացյալ ազգային շարժումը» սահմանել է օլիգարխին բնորոշող վեց չափորոշիչներ, որոնցից առնվազն երեքին բավարարող յուրաքանչյուր անձ համարվում է օլիգարխ: Այդ վեց չափորոշիչներն են՝

  1. Նա, ով քաղաքական գործունեություն է ծավալում «ուղղակի կամ անուղղակի» կերպով։
  2. Նա, ում ընտանիքի անդամները զբաղեցնում են պետական կամ քաղաքական պաշտոններ։
  3. Նա, ով «ուղղակի կամ անուղղակի … էական ազդեցություն է գործում» լրատվամիջոցների վրա:
  4. Նա, ով ունի բնական մենաշնորհների ենթակա կամ գերիշխող դիրք ունեցող ոլորտում ընկերություն՝ սահմանված գործող մրցակցային օրենսդրությամբ:
  5. Նա, ում ակտիվները գերազանցում են Վրաստանի ՀՆԱ-ի 0,35%-ը (մոտ 65 մլն դոլար) կամ ում ընտանիքը տիրապետում է Վրաստանի հողերի ավելի քան 7%-ին:
  6. ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի ցանկացած երկրի կամ կառույցի կողմից պատժամիջոցների ենթարկվող անձը:

Հունիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ էր արել դիտարկել Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների ընդունումը՝ կապված Վրաստանում մամուլի ազատության վատթարացման հետ: Ըստ «Միացյալ ազգային շարժման» օրենքի նախագծի՝ անձին օլիգարխ ճանաչելու համար կպահանջվի խորհրդարանի միայն 1/5-րդի հավանությունը, սակայն որոշումն այնուհետև պետք է վավերացվի Սահմանադրական դատարանի կողմից։

Հակառակ դրան՝ «Վրացական երազանքի» օրինագիծը մարդուն օլիգարխ ճանաչելու իրավունքը կտրամադրի միայն խորհրդարանին՝ պահանջելով ձայների մեծամասնությունը՝ անձին և նրա հարազատներին օլիգարխների ռեգիստրում ավելացնելու համար: Ըստ «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Լևան Բեժաշվիլիի՝ իր կուսակցության օրինագիծը «չի վերաբերում որևէ կոնկրետ անձի», այլ ծառայում է «ապագայում օլիգարխիկ իշխանությունը կանխելուն»:

«Վրացական երազանքի» ապաօլիգարխացման խոստումը

«Վրացական երազանքի» օլիգարխիայի դեմ օրենքը նոյեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, և վերջնական քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա մինչև տարեվերջ:

Իշխող կուսակցությունը պնդում է, որ իր օրինագիծի հիմքում Ուկրաինայի ապաօլիգարխացման մասին օրենքն է. վերջինս սահմանում է օլիգարխին` ելնելով հարստությունից, քաղաքականության և լրատվամիջոցների վրա ազդեցությունից և մենաշնորհային բիզնեսի շահառու լինելուց:

Բացի այդ, օրինագիծը սահմանում է օլիգարխին որպես ֆիզիկական անձ, որի ակտիվները մեկ միլիոն անգամ գերազանցում են վրացիների միջին ամսական եկամուտը՝ 254 միլիոն լարի (93 միլիոն դոլար)՝ հիմնված 2022 թվականի տվյալների վրա, ըստ որի՝ Վրաստանում միջին ամսական եկամուտը կազմում է 254 լարի (93 դոլար):

Իշխող կուսակցության՝ օլիգարխիայի դեմ նախագծում, ըստ էության, ամենավիճահարույց կետն այն է, որ այն, հավանաբար, չի վերաբերի Բիձինա Իվանիշվիլիին, որը պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից 2021 թվականի հունվարին:

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ ընդգծել էր, որ Իվանիշվիլին օլիգարխ չէ, և որ իր կուսակցության օրինագիծը հատուկ թիրախավորում է այնպիսի անձանց, ինչպիսիք են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին:

Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի հեռանկարը պայմանավորված է 12 պահանջների կատարմամբ՝ այն բանից հետո, երբ երկիրը չկարողացավ ապահովել իր թեկնածությունը հունիսին։ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ հստակ սահմանել են, որ ապաօլիգարխացման օրենսդրության ընդունման պահանջը բացահայտորեն պետք է վերաբերի Իվանիշվիլիին:

Մեկնաբանել