Հունվարի 1-ից խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա

խմելու ջուր-ծորակի ջուր

Խմելու ջրի սակագինը 2023-ի հունվարի 1-ից քաղաքացիների համար չի բարձրանա, հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,- ասված է հաղորդագրությունում։

***

Այս տարվա օգոստոսին «Վեոլիա Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 1 խմ-ի համար 9 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Ընկերությունն առաջարկել է խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ։ Ջրի թանկացման առաջարկությունը «Վեոլիա Ջուր»-ը հիմնավորել է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված 8,3 տոկոս սղաճով։

2018-ի աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, թե մինչև 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։

Չնայած Փաշինյանի խոստմանը, ջրի սակագինն արդեն մեկ անգամ բարձրացվել է։ 2022-ի հունվարի 1-ին ջրի գինը 180 դրամի փոխարեն սահմանվել է 200 դրամ, այն անփոփոխ է մնացել միայն սոցիալապես անապահովների համար։

Մեկնաբանել