Ավտովթարների դեպքում շտապ բուժօգնությանը շուտ ահազանգեք

«Օգոստոսի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում առավոտյան ժամը 09.20-ին տեղի ունեցած ավտովթարի ենթարկված ավտոմեքենաներում եղած երեք քաղաքացիներ դիմել են Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն։ Նրանցից Հրազդանի քաղաքացի, 18-ամյա Հ. Աբրահամյանը, ով հղի վիճակում է գտնվում, հիվանդանոց է եկել պատահական մեքենայով ժամը 10.10-ին։ Նրան զննել են մանկաբարձ-գինեկոլոգը, հերթապահ վիրաբույժը և ռեանիմատոլոգը։ Մասնագետների եզրակացությամբ երիտասարդ կինը ճանաչվել է պրակտիկապես առողջ և տուն է ուղարկվել։

Ժամը 10.30-ին կրկին պատահական մեքենայով նույն բժշկական կենտրոն են բերվել 37-ամյա Կ. Հակոբյանը և 38-ամյա Լ. Սարգսյանը՝ երկուսն էլ սրունքի փափուկ հյուսվածքների սալջարդով։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն։

Ինչպես փաստում են էլեկտրոնային լրատվամիջոցները, սույն վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09.20-ին։ Սակայն Հրազդանի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում այդ առթիվ մի քաղաքացու բջջային հեռախոսից կանչ է ստացվել 09.50-ին՝ դեպքից կես ժամ հետո։ Բուժքույր կարգավարը կանչն անմիջապես փոխանցել է Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հենակետի շտապբուժօգնուկթյան բրիգադին, որն էլ դեպքի վայր է հասել 09.55-ին։ Սակայն պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի ուղևորներն արդեն պատահական մեքենաներով ուղևորվել են հիվանդանոց։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիներին, որպեսզի նման դեպքերում հնարավորինս շուտ ահազանգեն շտապ բուժօգնության ծառայությանը։ Նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից շտապ բժշկական օգնության բրիգադները հերթապահում են հենց ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով։ Բարեբախտաբար այս դեպքում լուրջ վնասվածքներ չեն եղել։ Սակայն հնարավոր է դեպքեր լինեն, երբ բժշկական օգնության անհրաժեշտություն լինի հենց դեպքի վայրում կամ հիվանդանոց հասցնելու ճանապարհին»,- նշում է նախարարությունը։

Մեկնաբանել