2020-ի պատերազմում 140 հոգուց սարից իջել է 40-ը, մյուսներին թողել են ու նահանջել․ վկայություն դատական նիստից

Գևորգ Թոսունյան

Նոյեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 5-րդ ուսումնական գումարտակի դատավարությունը։ Դատարանում հարցաքննվեց 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ուսումնական գումարտակի դասակներից մեկի հրամանատար Ղարիբ Ջավադյանը, որը հայտնեց, որ ծնունդով Արցախից է ու ապրում է այնտեղ, պատերազմի ժամանակ լավ գիտեր տեղանքը։ Նա պատմեց, որ 2020-ի հոկտեմբերի 10-ին եղել են Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա, սկսվել է մարտը, որի ընթացքում իջել են սարից։

2020-ի հոկտեմբերի 9-ին Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների) տեղափոխել է Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի մարտական դիրքեր։ Հաջորդ օրը սկսվել է հարձակումը։ Ադրբեջանական դիվերսիոն խմբերին հետ շպրտելու համար անտառային բարդ տեղանքում են հայտնվել ոչ ավել ոչ պակաս ուսումնական գումարտակի նորակոչիկներ։ Նրանցից շատերը, եթե ոչ գերակշիռ մեծամասնությունը, մեկ կամ երկու ամսվա զինծառայողներ էին, անգամ մեկ փամփուշտ կրակած չեն եղել, իսկ որոշներն անգամ զինվորական երդում չէին տվել։ Վկաներից մի քանիսի խոսքով՝ նրանցից տուն է վերադարձել 150-ը։ Հիմա դատարանում քննվում է այս գործը, ամբաստանյալի աթոռին ընդամենը մեկ սպա է՝ գումարտակի նախկին հրամանատար Իշխան Վահանյանը, այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։

Նիստին տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը վկա Ղարիբ Ջավադյանից հետաքրքրվեց, թե սար բարձրանալիս իրենց հետ քանի՞ հոգի է եղել, վկան մոտավոր թվեր նշեց, ասաց, որ կլինեին երկու վաշտ՝ մոտ 140 զինծառայող, իսկ սարից իջնելիս եղել են 40-ը։

– Կրկնակիից ավելի զինծառայող մնացել էր վերևում, ասում եք՝ ձեր հետ չի եղել 2 սպա, ճշտե՞լ եք, թե նրանք որտե՞ղ են եղել,- հարցրեց փաստաբանը։

– Ոչ,- պատասխանեց վկան։

– Դուք տեղացի էիք, տեղանքը գիտեիք, զինվորական կանոնակարգով իրավունք ունեի՞ք չորս սպայով որոշել ու նահանջել՝ առանց փորձելու կազմակերպել մյուսների նահանջը։

– Ոչ, իրավունք չունեիք, բայց…,- վկան փորձեց արդարանալ, սակայն փաստաբանը շարունակեց։

– Դուք, որ գնացել եք, խախտե՞լ եք զինվորական կանոնակարգը։

Այդ ընթացքում դատավորը հիշեցրեց, որ վկան կարող է իր դեմ ցուցմունք չտալ. «Բա խղճի՞ դեմ»,- հարցրեց փաստաբանը ու պնդեց իր հարցը, վկան չպատասխանեց. «Չպատասխանես, ուրեմն դավաճան ես»,- ասաց փաստաբանը։

Դատարանում վկայի ցուցմունքից այդպես էլ պարզ չդարձավ, թե իր դասակի կազմում քանի հոգի է եղել։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում է ստանձնել այդ ստորաբաժանման ղեկավարումն ու դեռ չէր հասցրել ծանոթանալ ողջ անձնակազմին։

Կողմերը նաև փորձեցին պարզել, թե արդյոք հետագայում, երբ նահանջել են սարից ու գնացել ապահով վայր, ճշտե՞լ է, թե իր անձնակազմից քանի անձ է բացակայում։ Վկան բացասական պատասխանեց. ոչինչ էլ չի փորձել անել։

Մեծ հաշվով վկան հակասական ցուցմունքներ էր տալիս. երբ մեղադրող դատախազը հարցրեց, թե Խուռհատ սարից իջնելիս գումարտակի ողջ անձնակա՞զմն է եղել իրենց հետ, Ջավադյանը դրական պատասխանեց, ասաց, որ այդ պահին սարում ոչ ոք չի եղել, մինչդեռ փաստաբանի հարցերին պատասխանելիս ասում էր, թե 140-ից իջել է 40-ը։

Այս ընթացքում լսվում էին ծնողների ձայները, նրանք հոգոց հանելով՝ ասում էին, թե իրենց որդիներին նման անձանց են վստահել։

Պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի տեղաշարժը

Սեպտեմբերի 27-ին ուսումնական գումարտակը եղել է Ջրականի զորամասում, առաջինը հակառակորդը հարվածել է պահեստներին։ Գումարտակը տեղափոխվել է «Չռիկներ» կոչվող տեղամաս, իսկ հոկտեմբերի 4-ին այդ տեղամասից նահանջել է Հադրութ, տեղակայվել քաղաքի դպրոցում ու զորամասում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան գումարտակը հրաման է ստացել դիրքավորվել Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» բարձունքի վրա։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան սկսվել է հարձակում, այնուհետև թիկունքից դիվերսիոն խմբեր են ներթափանցել։ Գումարտակը, կորուստներ կրելով, ցրվել է անտառներում, մի մասը կարողացել է փրկվել, մի մասն էլ անհետ կորած է առ այսօր։ Պատերազմի մեկնարկին՝ սեպտեմբերի 29-ին, զոհվել է գումարտակի հրամանատարը, նրան փոխարինել է Գարիկ Վարդերեսյանը, որին, սակայն, հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատել են, իսկ հաջորդ օրը նշանակել այս գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին։

Վկա Ղարիբ Ջավադյանը դատարանում պատմեց, որ Խուռհատ սարի մարտերի ժամանակ տեսել է Վահանյանին. իրենից կլիներ մոտ 10 մետր բարձրության վրա, լսել է նրա խոսակցությունն ու հրահանգները։ Մարտի ընթացքում օգնել է վիրավորների, երբ վերադարձել է մարտական հենակետ, տեսել է, որ Վահանյանը չկա, զինվորները հայտնել են, թե Վահանյանը վիրավորում է ստացել ու գնացել հոսպիտալ։

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր էր, որ Վահանյանը վիրավորվեր հրետանու արկի բեկորից, Ջավադյանի խոսքով՝ իրենց ուղղությամբ հրետանին չի կրակել։ Երբ գումարտակի հրամանատար Վահանյանը գնացել է դիրքերից, ոչ ոք չի ստանձնել նրա պարտականությունը։ Սարից իջնելուց հետո որոշել են գնալ Թաղասեռ գյուղ։ Քանի որ տարածքը ճանաչում էր, հենց Ջավադյանն է զինվորներին ուղեկցել։ Դատախազը հետաքրքրվեց, թե կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն իր հետ եղե՞լ է։ Վկան պատասխանեց, որ մինչև Թաղասեռ հասնելը տեսել է նրան, բայց այդ գյուղում՝ ոչ։

– Տեղյա՞կ եք նրանց հետագա ճակատագրի մասին, հետագայում փորձե՞լ եք տեղեկանալ,- վկային հարցրեց դատախազը։

– Չէ, չեմ տեղեկացել,- պատասխանեց վկան։

– Զոհվե՞լ է, չէ,՞ ինքը,- հավելեց մեղադրողը։

– Այո, իմացել եմ, որ զոհվել է,- պատասխանեց վկան։

Ըստ քրեական գործի՝ Մուրադյանն իր անձնակազմի հետ գնացել է դեպի Վանք գյուղ, նրանք զոհվել են։

Նիստից հետո ծնողները ասում էին, որ Ղարիբ Ջավադյանի պաշտոնը հետագայում Արցախի պաշտպանության բանակում բարձրացրել են։ Այս նիստին հարցաքննվեց նաև պատերազմի ժամանակ զորամասի կապի պետի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Ծատրյանը։ Նա հայտնեց, որ պատերազմից առաջ արձակուրդում է եղել, իրենց կանչել են սեպտեմբերի 25-ին, գնացել է դիտակետ ու նկատել կուտակումներ։ Ծատրյանը մանրամասներ ներկայացրեց կապի միջոցների ու դրանց օգտագործման վերաբերյալ։