Գոլազուրկ ոչ-ոքիներ, սաուդցիների անակնկալը և Ֆրանսիայի գեղեցիկ խաղը․ ԱԱ 2022-ի երրորդ օրվա արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղային երրորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, պայքարի մեջ մտան C և D խմբերում ընդգրկված հավաքականները։

Օրվա մեկնարկային խաղում գրանցվեց առաջնության առաջին անակնկալը․ Արգենտինան պարտվեց Սաուդիան Արաբիային։ Առաջին խաղակեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին, սակայն երկրորդ կեսում Սաուդիան Արաբիային հաջողվեց երկու գնդակ խփել և 1:2 հաշվով կամային հաղթանակ տոնել։

Արգենտինայի հավաքականից աչքի ընկավ Լիոնել Մեսսին, իսկ Սաուդիան Արաբիայի գոլերը հեղինակեցին Սալեհ Ալշեհրին և Սալեմ Ալդավսարին։

Սաուդիան Արաբիայի և Արգենտինայի հետ C խմբում ընդգրկված Լեհաստանի և Մեքսիկայի ընտրանիների միջև հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։ Հանդիպման 58-րդ րոպեին Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Առաջին տուրից հետո C խմբի առաջատարը Սաուդյան Արաբիան է՝ 3 միավորով։ Լեհաստանն ու Մեքսիկան ունեն մեկական միավոր, իսկ Արգենտինան միավոր չի վաստակել։

Դանիայի և Թունիսի հավաքականների միջև կայացած D խմբի առաջին խաղը նույնպես ավարտվեց 0:0 հաշվով։

Այս խմբի մյուս խաղում առաջնության ֆավորիտներից մեկը՝ Ֆրանսիայի հավաքականը, 4։1 հաշվով հաղթեց Ավստրալիան։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ավստրալիայի հավաքականի հարձակվող Կրեյգ Գուդվինը, սակայն առաջին խաղակեսում արդեն ֆրանսիացիները Ադրիեն Ռաբյոյի և Օլիվյե Ժիրուի գոլերի շնորհիվ կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։ Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիների կազմում աչքի ընկավ Կիլիան Մբապեն, վերջնամասում էլ Ժիրուն երկրորդ գոլը խփեց՝ դառնալով դուբլի հեղինակ։

Ֆրանսիայի հավաքականը 3 միավորով խմբի առաջատարն է, Դանիան և Թունիսն ունեն մեկական միավոր, Ավստրալիան վերջին տեղում է։