Հայաստանին օգնելու ՀԱՊԿ որոշումն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է. Զաս

Հայաստանին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է: Այս մասին հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։

Զասն իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ լարվածությունը պահպանվում է և գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։

ՀԱՊԿ քարտուղարը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության ջանքերը դրական են ազդում Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում։

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունենալու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել էր Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

Մեկնաբանել