Ներկա մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ:

Վարդանյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:

Նա տեղեկացրել է, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:

«Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի է համարել այն նախարարների աշխատանքը, որոնք պաշտոնները ստանձնել են անմիջապես պատերազմից հետո՝ փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն Արցախի զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում։