Հայաստանին աջակցություն տրամադրելու ՀԱՊԿ-ի որոշումը կարող է առկախվել. Լավրով

ՀԱՊԿ-ի` Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կարող է առկախվել: Այս մասին հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում:

Նիստի աշխատանքներն ընթանում են փակ ձևաչափով, սակայն ինչ-որ պահի միացավ ուղիղ եթեր, և լսվեց Լավրովի խոսքը, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանին աջակցություն տրամադրելու ՀԱՊԿ-ի որոշումը կարող է հետաձգվել:

«Եթե ​​Հայաստանին օգնելու որոշումը առկախենք, ապա ինչ է լինում հռչակագրի ու հայտարարության հետ։ Ինձ թվում է՝ փաթեթային համաձայնություն է եղել, ուստի, հավանաբար, աշխատանքային կարգով ավելի ուշ կստորագրենք»,- ասաց Լավրովը։ Նրան արձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, սակայն խոսքը չլսվեց, քանի որ բարձրախոսը միացված չէր:

Այուհետև ուղիղ եթերը դադարեց: ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը շարունակվում է:

Ավելի վաղ նույն նիստի հրապարակային հատվածում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնեց, որ Հայաստանին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է:

Զասն իր ելույթում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ լարվածությունը պահպանվում է, և գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։

Մեկնաբանել