Անսպասելի շրջադարձ Արցախի սահմանանադրական փոփոխությունների գործընթացում

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անսպասելիորեն դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից։

«Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ սա Արցախում վերջերս ծավալված մեծ դիմադրության շնորհիվ է տեղի ունեցել․ «Կոնկրետ այս սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել և Հանրային խորհուրդը, և Մարդու իրավունքների պաշտպանը, վերլուծաբան Ղարիբ Բաբայանը, փաստաբան Ռաֆիկ Մարտիրոսյանը և այլոք, ինչպես նաև վերջերս կլոր սեղան է կազմակերպվել այս թեմայով»։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը նման որոշումը բացատրում է նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքներով, և սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականներով, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»։

Օսիպյանը նաև ասաց, որ ինքը խորհրդարանական և նախագահական ընտրությունների տարանջատման կողմնակից է, բայց այս նախագծի ընդունումը կնշանակի պատգամավորների կողմից իշխանության բռնազավթում։ Նոյեմբերի 22-ին նաև հրապարակվել է Արցախի գլխավոր դատախազի կարծիքը Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխությունների նախագծի վերաբերյալ։

Գործող Սահմանդրությամբ, այս հոդվածը սահմանում է մի շարք դրույթներ, որոնք կարող են փոփոխվել միմիայն հանրաքվեի միջոցով։ Նախագծի համաձայն՝ միայն 175-րդ հոդվածը (Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները) կարող է հանրաքվեի միջոցով փոփոխվել։ Այսինքն՝ նախագծի ընդունման դեպքում, պատգամավորները 175-րդ հոդվածից և մի քանի անփոփոխելի հոդվածներից բացի (Սահամանադրության 1-ից 4 հոդվածները), մնացած հոդվածները կարող են ինքնուրույն փոփոխել։

Նախագծի 162-րդ վերաձևակերպված նախագծում ասվում է, որ Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հանրապետության նախագահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը: Իսկ փոփոխությունները ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

«Գործող Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկվող տարբերակը արմատապես հրաժարվում է սահմանադրական ժողովրդաիշխանության գործող ծավալներից՝ ընտրելու այն սահմանափակելու ճանապարհը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով, նպաստավոր պայման է հանդիսանում անկայուն վիճակի ձևավորման և դրա տևական պահպանության համար», – գրում է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ՝ նոյեմբերի 22-ին, նույնպես հրապարակեց Սահմանադրության 162֊րդ հոդվածի փոփոխության նախագծի վերաբերյալ իր կարծիքը՝ արտահայտելով մի շարք մտահոգություններ․ «Ներկայացված մտահոգությունները հիմք են տալիս պնդելու, որ նախաձեռնության իրացումը կարող է որոշակի վտանգներ ծնել ու բացասական ազդեցություն ունենալ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանադրական երաշխավորման, իրավունքի գերակայության, իրավական, ժողովրդավարական և ժողովրդաիշխանական հռչակված Արցախի պետականության համար»։

Ավելի վաղ հրապարկված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում գրված է, որ անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի, իսկ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։ Նախագծում այս դրույթների մասին խոսք չկար, ամենայն հավանականությամբ, այդ փոփոխությունները ապագայում վերապահվելու են Ազգային ժողովին՝ հանրաքվեի ավարտից հետո։

Երեկ այս թեմայով կլոր սեղանի հրավերի տարածած հայտարաության մեջ Արցախի Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնը նույնպես մտահոգություն է հայտնել։ Կենտրոնը համարում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ենթադրում է իշխանության 100 տոկոս կենտրոնացում Ազգային ժողովի ձեռքում, ընդհուպ մինչև պետության ղեկավարի ընտրություն պատգամավորների նույն 2/3-ի ձայներով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ կարևոր որոշումների ընդունում և ավելին․ «Այս իրավիճակը հասարակության տարբեր շրջանակների համար տարօրինակ է թվում, եթե ոչ վտանգավոր»։

Որոշ փորձագետների կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նպատակը առաջին հերթին երկրի ղեկավար նշանակելու այլընտրանքային տարբերակ ունենալն է: Այսինքն՝ սկզբում խորհրդարանական ընտրություններ պիտի լինեն, հետո նախագահական, որպեսզի ֆորս մաժորի դեպքում օրենսդիրը գործադիր ձևավորելու, իշխանություն վերցնելու հնարավորություն ունենա:

Նոյեմբերի 3-ին Արցախի Ազգային ժողովը 30 կողմ ձայնով Սահմանադրության փոփոխության նախագիծը ուղարկել է Գերագուjն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։

Կարդացեք նաև՝

Արցախի սահմանադրական փոփոխությունների խառնաշփոթը

Արցախում հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ

Մեկնաբանել