Մինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ․ Փաշինյան

Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին»,- ասաց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, վարչապետը նշեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում կառույցի հաջող գործողությունները։ Մասնավորապես, նա հիշեցրեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումիմ․ «Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- նկատեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է․ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել էր Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

Մեկնաբանել