Մասիմիլիանո Ալեգրի. Ա սերիայի ֆավորտը Յուվենտուսն է

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ով նախապատրաստվում է «Յուվենտուսի» հետ վաղը կայանալիք մրցավեճին, մեկնաբանել է այս ամռանը թիմի ոչ տպավորիչ տրանսֆերային քաղաքականությունը:

«Քանի որ նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր, որ ֆինանսական առումով հիմա դժվար ժամանակներ են, սա ճիշտ ընտրություն էր:

Մենք արդեն համակերպվել ենք Զլատանի և Տիագոյի վաճառքին, բայց դա չի ազդում Ա սերիայի լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու «Միլանի» նպատակի վրա:

«Յուվենտուսն» այս պահին Սկուդետոյի հիմնական թեկնածուն է և մի քայլ առաջ է «Ինտերից», «Ռոմայից», «Նապոլիից» և «Միլանից»: Այնուամենայնիվ, ես գոհ եմ մեր կազմից:

Մենք ապագայի ծրագիր ենք, թեև ցանկանում ենք դրական արդյունքներ ցուցադրել անմիջապես: Մենք կարող ենք լավ մրցաշրջան անցկացնել»,-նշել է Ալեգրին Football Italia-ի հետ զրույցում:

«Ինչ վերաբերում է Կասանոյին, նա «Միլանի» խաղացող է ու այստեղ կարող է շարունակել լավ հանդես գալ: 15 օր է մնացել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, տեսնենք, թե ինչ կլինի: Քանի նա մեր խաղացողն է, պետք է պրոֆեսիոնալ լինի ու անի առավելագույնը:

Ես ցանկանում էի խոսել Կասանոյի հետ, հասկանալ իրավիճակը, վստահեցնել նրան, որ կարևոր խաղացող է մեզ համար, ով տեխնիկապես օժտված ֆուտբոլիստ է: Ուզում էի, որ նա ինձ վստահեցնի, որ հավատում է մեր ծրագրին»:

Հիշեցնենք, որ Կասանոն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել իր ապագայի վերաբերյալ:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել