«Գլոբինգով» ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել է 2,4 կգ մարիխուանա

«Զվարթնոց» օդանավակայանում «Գլոբինգի» միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային առաքանու զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2,4 կգ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածներով 112 թիթեղյա տարա: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն։

«Մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո ձերբակալվել է և առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Մեկնաբանել