Հայաստանում հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 14,5%-ով

2022-ի հունվար-հոկտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 14,5%, իսկ սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 17,5%:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ տվյալների՝ հունվար-հոկտեմբերին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել ծառայություների ոլորտում՝ 27,9%, շինարարությունում`14,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունում`16,8%, առևտրի շրջանառությունում`15,5% և արդյունաբերությունում` 9,9%:

Հոկտեմբերին արդյունաբերության ոլորտն աճել է 9,7%-ով, որը թեև բարձր ցուցանիշ է, սակայն զիջում է սեպտեմբերի ցուցանիշին՝ 14,8%:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է աճել վերջին ամիսներին ձևավորված առաջանցիկ տեմպերով` 66,4%:

Ընդ որում, այս տարվա 10 ամիսներին արտահանումն աճել է 71,2%-ով, իսկ ներմուծումը՝ 63,5%-ով: Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է արտահանման կտրուկ` 2,2 անգամ աճ, որը մասնագետները բացատրում են դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:

Դրամի միջինացված փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին հաշվարկվել է 443,8 դրամ, իսկ գնաճը` 8,7%:

ՀՀ Ֆինանսների նախարարության վերջին գնահատականով՝ 2022-ին Հայաստանում կարող է գրանցվել վերջին 15-20 տարիների ամենաբարձր տնտեսական աճը: Ազգային ժողովում ներկայացնելով 2023-ի բյուջեի նախագիծը՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ տարեվերջին իրական տնտեսական աճը կարող է հասնել 13-14%-ի։

Հայաստանում տնտեսական աճը 2022-ի պետական ​​բյուջեով նախատեսված է 7%, իսկ գնաճը` 4% (± 1,5%)։ ՀՀ Կենտրոնական բանկի սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ տարեվերջին տնտեսությունը կաճի 12,9%-ով, իսկ գնաճը կկազմի մոտ 10%։