Ռուբեն Վարդանյանի ընդլայնված լիազորությունները և դրա ներքաղաքական հետևանքները

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով զբաղեցրած պաշտոններից ազատել է կառավարության ինը անդամների: Դրանք այն նախարարություններն են, որոնք գտնվում են ԼՂՀ նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի համակարգման ներքո: Իրենց պաշտոնները պահպանել են միայն ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնք գտնվում են նախագահի ուղիղ ենթակայության ներքո:

Վարդանյանը պետնախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, ստանձնել էր այն պայմանով, որ կադրային քաղաքականության հարցում ունենալու է ազատություն և ստանալու է սեփական թիմը ձևավորելու հնարավորություն: Այդ առումով ակնհայտ է, որ վերոնշյալ փոփոխությունները տեղի են ունենում հենց Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու որոշմամբ:

Վարդանյանը առաջին պետնախարարն է, որը նման դե ֆակտո լիազորություններ ունի: Այդ պաշտոնը զբաղեցրած նախկին պաշտոնյաները կադրային քաղաքականության և այլ կարևոր որոշումների հարցում գրեթե ամբողջությամբ կախված էին նախագահից և աչքի չէին ընկնում առանձնակի նախաձեռնողականությամբ: Պետք է արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանը վարչապետի լիազորություններով պետնախարար է և արդեն իսկ Արցախի պետական համակարգի ամենաազդեցիկ դերակատարներից է:

Ռուբեն Վարդանյանի նշանակումը պետական նախարարի պաշտոնում և նրա օժտումը լայն ֆորմալ ու ոչ ֆորմալ լիազորություններով ունենալու է նաև ներքաղաքական հետևանքներ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերոնշյալ հրամանագրեր ստորագրելուց բացի նոյեմբերի 23-ին մեկ այլ ուշագրավ որոշում է կայացրել: Նա խորհրդարանից հետ է կանչել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի շուրջ արդեն իսկ առաջին ընթերցմամբ քվեարկություն էր տեղի ունեցել Ազգային ժողովում: Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել նաև ԼՂՀ Գերագույն դատարանը:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Արցախում մեկնարկել էր ամսիներ առաջ: Այդ փոփոխություններով նախատեսվում էր լուծումներ գտնել գործող սահմանադրության մեջ առկա մի շարք խնդիրների համար, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ի հայտ եկած իրողությունների պարագայում դժվարեցնում էին պետության կառավարումը:

Նախատեսվող փոփոխությունների մեջ էին մտնում վերադարձը կառավարման կիսանախագահական համակարգի, վարչապետի պաշտոնի վերականգնումը, խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման օրերի տարանջատումը և Ազգային ժողովին ֆորս մաժորային իրավիճակներում երկրի նախագահին ընտրելու լիազորությամբ օժտելը:

Նախատեսվում էր նաև, որ սահմանադրական փոփոխություններից հետո Արցախում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ամիսներ տևած քննարկումներից հետո, սակայն, խորհրդարան էր ներկայացվել մի նախագիծ, որը ենթադրում էր միայն մեկ փոփոխություն: Նախագծով խորհրդարանին հնարավորություն էր տրվում փոփոխել սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները: Հենց այս նախագծին էր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել, իսկ Գերագույն դատարանը դրական եզրակացություն տվել, ինչից հետո Արայիկ Հարությունյանը այն հետ է կանչել խորհրդարանից:

Նոյեմբերի 23-ին Հարությունյանը, պատասխանելով նախագծի հետկանչման վերաբերյալ ԱԺ պատգամավորների հարցերին, հայտարարել էր, որ այդ որոշումը կայացվել է, որպեսզի երկրում կայունություն պահպանվի: Սահմանադրական փոփոխությունների այս նախագծի հրապարակումից հետո Արցախում այն հակասահմանադրական էր որակվել և խիստ քննադատության ենթարկվել:

Այնուամենայնիվ, Արցախի նախագահի՝ այս հարցի շուրջ արված մեկ այլ հայտարարություն ավելի հետաքրքրական է: Բացատրելով իր որոշման մյուս շարժառիթները՝ նա նշել է. «Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգությունը չի ամրապնդելու, Սահմանադրությունը չփոխելով՝ երկիրը չի քանդվելու և չի կորցնելու որևէ բան: Ընդամենը, քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի ձեռքում՝ դա նախագահն է, իսկ ձևավորել նոր իշխանություն, պետք էր գնալ ընտրությունների արտահերթ, ինչի համար էլ պետք էր սահմանադրական փոփոխություն, ընտրել են այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը բարեբախտաբար չկա»:

Հարությունյանը հավելել էր, որ պետնախարարի լիազորությունների վերաբաշխման հետևանքով քաղաքական ուժերի այդ մտահոգությունը չեզոքացել է, և սահամանադրական փոփոխությունների հարցում շտապելու անհրաժեշտություն չկա:

44-օրյա պատերազմի ավարտից հետո սահմանադրական փոփոխությունների օրակարգի ի հայտ գալու պատճառներից մեկը իրոք Արցախում ստեղծված ներքաղաքական անկայուն իրավիճակն էր: Հասարակության ու քաղաքական դաշտի զգալի հատվածը պահանջում էր նախագահի հրաժարականը: Հարությունյանը պատերազմի ավարտից հետո մի քանի անգամ հայտարարել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում լքելու է իր պաշտոնը: Իսկ արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր էր միայն սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո:

Այդ առումով ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը օգտագործել է Ռուբեն Վարդանյանի նշանակումը և նրա օժտումը լայն լիազորություններով սահմանադրական փոփոխությունների օրակարգը հետին պլան մղելու համար: Խորհրդարանից սահմանադրական փոփոխությունների նախագծի հետկանչումը, ինչպես նաև Ազգային ժողովում Արցախի նախագահի կողմից արված հայտարարությունները հուշում են, որ մոտ ապագայում այս ուղղությամբ ակտիվ քայլեր չարժե ակնկալել:

Սա ինքնըստինքյան օրակարգից հանում է նաև Հարությունյանի հրաժարականի թեման: Վարդանյանի նշանակումը փաստացիորեն նոր լեգիտիմություն է տվել Հարությունյանի կառավարությանը: Այս փուլում Ռուբեն Վարդանյանը, կարծես թե, վայելում է Արցախի քաղաքական դաշտի ու հասարակության աջակցությունը:

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ այս փուլում առանց սահմանադրական փոփոխությունների ու արտահերթ ընտրությունների հնարավոր է դարձել ներքաղաքական կայունություն հաստատել երկրում, ապա այն անվտանգային մարտահրավերները, որոնցով հիմնավորվում էին այդ փոփոխությունները, չեն չեզոքացվել: Ավելին, դրանք ժամանակի ընթացքում միայն լրջանալու են: Այդ առումով Արցախի իշխող վերնախավը վաղ թե ուշ ստիպված է լինելու կրկին զբաղվել մի շարք կարևոր խնդիրների համար ինստիտուցիոնալ լուծումների փնտրտուքով:

Մեկնաբանել