Ոստիկանությունը պահանջում է տուգանել զոհերի ծնողներին, որոնց Եռաբլուրից ուժով բերման էր ենթարկել 

Գևորգ Թոսունյան

Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի երկու տասնյակից ավելի ծնողների ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել։ Նույն ծնողներից շատերին 2022-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, ոստիկաններն ուժի կիրառմամբ հեռացրել էին Եռաբլուրից։

Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանությունը բերման էր ենթարկել զոհերի ծնողների։ Նրանցից ոմանց նկատմամբ ոստիկանները կիրառել էին բիրտ ուժ։ Ծնողները գիշերվանից ժամանել էին զինվորական պանթեոն, որպեսզի թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ զոհված զինծառայողների գերեզմաններին։ Ոստիկանները նախքան վարչապետի ժամանելը ծնողներին բերման էին ենթարկել։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործերը դատարան են ուղարկվել այս ամսվա ընթացքում։ Ոստիկանությունը դատարանից պահանջել է ծնողներին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այս արարքի համար նախատեսված է 50 հազար դրամ տուգանք։

Ոստիկանության հայցերը՝ վարչական դատարանում

Ոստիկանների գործողություններից հետո քրեական գործ էր հարուցվել ու երկու տասնյակ ծնողներ տուժող էին ճանաչվել։ Փաստորեն նրանց գերակշիռ մեծամասնությանը ոստիկանությունը պահանջում է տուգանել։

Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել, որպեսզի վարչական դատարանում ոստիկանության հայցերով հարուցված վարույթները կասեցվեն։

«Նույն առարկային վերաբերյալ համատեղ երկու մարմնում քննություն իրականացվել չի կարող, այսինքն՝ չի կարող վարույթ նախաձեռնվել, որի վերջնարդյունքում հնարավոր է՝ անձանց մեղադրանք առաջադրվի, և միաժամանակ այդ միևնույն դեպքի վերաբերյալ ծնողները ենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ մի քանի հայցադիմում ետ է վերդարձվել, այսինքն՝ դատարանը դրանք վարույթ չի ընդունել։

Փաստաբանը նաև հաղորդեց, որ այս շաբաթ ծնողները երկու անգամ բողոքի ցույցեր են իրականացնել, որից հետո քննչական գործողություններն ակտիվացել են։

Եռաբլուրի միջադեպից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Բացի այդ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն սկսվեց, որն ավելի ուշ, ըստ որոշ լրատվամիջոցների, կասեցվեց։

Միջադեպից հետո Հայստանի քաղհասարակության 35 կազմակերպություն համատեղ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։

Այդ միջադեպից հետո ոստիկաններից ընդամենը երկուսն էր ազատվել աշխատանքից, մեկին՝ խիստ, մյուսին՝ սովորական նկատողություն էին տրվել։

Մեկնաբանել