Նոր մտածելակերպ՝ հանուն շրջադարձային փոփոխությունների

APRI 2022 Աշնանային քննարկումներ` «Պատմական որոշումների առջև» խորագրով, 2022թ․ հոկտեմբերի 6, Երևան, «Տարածաշրջանային անվտանգություն. ո՞ւր ենք մենք գնում» պանելային քննարկում

ԼԱՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

APRI Armenia-ի հիմնադիր նախագահ

APRI Armenia-ի իմ թիմն հոկտեմբերին որոշեց կազմակերպել մեր աշնանային համաժողովը՝ առաջարկելով նոր ազգային պատում հայերի համար, որը մշակվել է ավելի քան երկու տասնյակ խորհրդատուների ջանքերով: Մենք քննարկեցինք և շարադրեցինք այն՝ ամփոփելով լավն ու վատը, թե ինչ ենք մենք անում, և, ամենակարևորը՝ ու՞ր ենք մենք գնում: Այս հոդվածով ես ուզում էի կիսվել մեզ հոգեհարազատ որոշ դիտարկումներով:

Մենք պատմության ևս մեկ դժվարին ժամանակաշրջան ենք ապրում, բայց մենք միասին կհաղթահարենք այն: Եղել են ձախողումներ պլանավորման, արձագանքելու, առաջնորդելու և պաշտպանելու, վերլուծելու և սովորելու հետ կապված հարցերում: Խորը հիասթափության, վախի և վշտի պատճառները շատ են: Մարդիկ աննկարագրելի սթրեսի մեջ են և ի վիճակի չեն իրենք իրենց լավագույնս դրսևորելու:

Իրականում, սակայն, մենք կարող ենք փոխել իրավիճակը: Մենք կարող ենք ինքնակազմակերպվել և առավելագույն ջանքեր գործադրել: Չհանձնվելը մեր՝ հայերիս ԴՆԹ-ի մեջ է: Հակառակ դեպքում մենք վաղուց անհետացած կլինեինք։ Մենք կարող ենք հաղթահարել առկա մարտահրավերները և դառնալ ավելի ուժեղ: Բայց դրա համար պետք է օգտագործենք մեր լավագույն հմտություններն ու կարողությունները, մեր լավագույն ստեղծարար ունակությունները՝ մեր ուղղությունը գտնելու համար: Մենք պետք է ակտիվ պահենք մեր երևակայությունը նոր հնարավորությունները տեսնելու համար, այլապես մենք չենք տեսնի հաջորդ լավագույն քայլը:

Դա պահանջում է ինքնաառաջնորդություն` սեփական մտածողության, զգացմունքների և գործողությունների վրա գիտակցաբար ազդելու հմտություն, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին: Դուք վհատված և հուսահատվա՞ծ եք: Ինքնաառաջնորդությունը պահանջում է, որ դառնաք ինքներդ ձեր մարզիչը և ինքներդ ձեզ դուրս բերեք խավարից: Օգտագործեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է. ընկերների հետ քննարկումներ, մասնագիտական ​​աջակցություն, երաժշտություն, փիլիսոփայություն կամ բնություն։ Պարզապես պատասխանատվություն ստանձնեք՝ գտնելու ինչ-որ բան, որից կկարողանաք կառչել և ինքնակազմակերպվել, որպեսզի կրկին ոտքի կանգնեք և հասնեք ձեր նպատակներին: Եթե ​​ցանկանում եք ավելի լավ երկիր և ավելի լավ իրականություն, նախ պետք է ձեր ներսում ավելի լավ մտածելակերպ ձևավորեք:

Հայ ժողովուրդն ունակ է կյանքի կոչել բեկումնային գաղափարներ: Մեզ պարզապես անհրաժեշտ են գործողության, առաջնորդության և համագործակցության նոր մոդելներ՝ մեր շրջապատում օգտագործելու համար: Մենք պետք է հավաքենք մեր ազգի բեկորները և դրանք նորից իրար միացնենք, ինչպես կինցուգիի՝ ճապոնական «ոսկե կարկատանի» արվեստի պրակտիկայում: Կինցուգին կոտրված խեցեղենի կտորները ոսկուց բաղկացած շիճուկով միացնելն է, որի վերջնական արդյունքն ավելի գեղեցիկ է ստացվում, երբ այդ կտորները նորից միանում են: Եվ դուք միշտ հիշում եք, թե որտեղ էին ճաքերը, և ինչ պահանջվեց՝ այն նորից հավաքելու համար:

«Ոսկեթել» տեղադրման հատված (2022, Անուշ Ղուկասյան, կավ, ջնարակ, ոսկեթելեր), առաջադրանքը՝ APRI Armenia-ի, համադրումը՝ AHA collective-ի։ Տեղադրումը միավորում է հայկական խեցեգործության և ասեղնագործության արվեստը ճապոնական կինցուգի փիլիսոփայության հետ։

Կարո՞ղ ենք կառուցել այնպիսի երկիր, ինչպես կկառուցեինք ծրագրային ապահովման ընկերություն: Ինչպե՞ս կմշակեինք մեր ազգային ծրագիրը, եթե այն ենթադրեր ընկերության ամբողջական վերակազմակերպում: Ինչպես ասում են տեխնոլոգիական ստարտափներում՝ դուք փոխվում եք կատարելով 100 փոքրիկ 1%-ոց բարելավումներ: Դա հավելյալ 100%-ով բարելավում է վիճակը: Նույնիսկ երկարաժամկետ մտածողությանը և համապարփակ, ռազմավարական պլանավորմանը կարելի է մոտենալ կառուցվածքային ձևով, ինչը հնարավորություն կտա քայլ առ քայլ առաջընթաց գրանցել: Սա հասանելի և շարունակական ինքնակատարելագործման ճանապարհն է, որն անհրաժեշտ է՝ աշխարհում գոյատևելու և բարգավաճելու համար:

Եկեք ընկալենք մեզ որպես «ազգակառուցմանբլոկչեյնի» մաս. ևս մեկ հզոր մոդել, թե ինչպես կազմակերպել և առավելագույնի հասցնել մեր ներդրումը հանուն բարօրության: Բլոկչեյնը խնդիրների լուծման հաջորդական և ավելացված արժեքով մոտեցումն է: Ամեն անձի յուրաքանչյուր ներդրում շղթայի մի օղակն է, որը տանում է դեպի ավելի մեծ առաջընթացի: Յուրաքանչյուր ոք ունի իր դերը:

Բլոկչեյնը մեկ առաջնորդի մասին չէ, որը փրկում է մեզ բոլորիս: Խոսքը յուրաքանչյուր անձի աջակցության մասին է՝ հիմնված փոխադարձ վստահության և միասնական ուղու վրա։ Դա համագործակցության շղթա է՝ հստակ սահմանված դերերով և լավ համակարգված փոխազդեցություններով, այլ կերպ ասած՝ ճիշտ ընթացակարգերով և կառավարմամբ: Դրա համար անհրաժեշտ է ընտրել նպատակ, գտնել ճիշտ գործընկերներ, այնուհետև սկսել գործել առաջընթացի համար:

Ի՞նչ կարող եք անել շղթայի մի մասնիկը դառնալու համար կամ մեծացնելու այն շղթան, որի մեջ արդեն գտնվում եք: Ի՞նչ պետք է անեք այդ շղթան ավելի ամուր դարձնելու համար: Այս հարցերին պատասխանելով՝ մենք առաջընթաց կգրանցենք և կհասնենք ինչ-որ տեղ:

Մենք կարող ենք նաև մտածել «խելացի թիմերի» մոդելի միջոցով ավելի լավ ապագա կառուցելու մասին։ Որո՞նք են խելացի թիմերի առանձնահատկությունները: Նրանք ճկուն են, արագաշարժ, ստեղծարար և համագործակցող և կենտրոնացած են առաքելության վրա: Նրանք տոկուն են, սովորում են սխալներից, վերականգնվում են հարվածներից, ուժեղանում են ձախողման և հաջողության արդյունքում և սովորում են այն ամենը, ինչ մեզ պետք է սովորեցնի արտաքին աշխարհը: Խելացի թիմ լինելու համար պետք է ունենալ անընդհատ կատարելագործվելու մտածելակերպ և խոնարհություն:

Այս մասին մտածելու մեկ այլ լավ միջոց է ինքդ քեզ հարցնելը՝ ինչպե՞ս կարող եմ օրինակելի դառնալ հաջորդ սերունդների համար: Ինչպե՞ս կարող ենք ընդունել տվյալ իրավիճակը և զգալիորեն բարելավել այն ոչ միայն մեր երեխաների կյանքը բարելավելու համար, այլ ամբողջովին փոխելու մեր ուղին դեպի լավը, այնպես, որ այն զգացվի նույնիսկ յոթ սերունդ հետո:

Մեզ նոր մտածելակերպ է պետք, և մեզնից շատերը իրապես նոր մտածելակերպ են ուզում՝ ավելի արդյունավետ, ավելի կարգապահ, ավելի համակարգված, ավելի համագործակցային. պակաս բացասական, միմյանց նկատմամբ պակաս հարձակվողական, չոչնչացնող և ավելի շատ ստեղծող: Սա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է արդյունավետ փոփոխություններ անելու համար։

Մեզ ոչ ոք չի փրկի՝ ո՛չ մի մարդ, ո՛չ մի երկիր: Այն ապագան, որը մենք ցանկանում ենք, կգա ուժեղ և մնայուն բաներ կառուցելու մեր սեփական ջանքերից: Անցյալը մեզ չպետք է խանգարի, իսկ մեր սխալները չպետք է մեզ հետապնդեն։ Այլ հակառակը, մենք պետք է զորանանք անցյալով: Անցյալը վանդակ չէ, ոչ էլ կրկնվող իրադարձությունների կանխորոշված ​​շրջան է: Անցյալից սովորում են՝ օգտագործելով նրա դասերը ապագան ուղենշելու համար:

Վերափոխումը հնարավոր է: Բոլորը կարող են լինել լուծման մի մասնիկը։ Եվ մենք բոլորս ցանկանում ենք ամեն ինչ ավելի լավը դարձնել: Ընդունե՛ք այդ ճշմարտությունը, և դուք ոչ միայն թունելի վերջում կտեսնեք լույսը, այլև ձեզ և ողջ ժողովրդին կառաջնորդեք դեպի այն։

***

Լարա Սեդրակյանը «APRI Armenia»-ի հիմնադիր նախագահն է:

«APRI Armenia» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը ապակուսակցական և անկախ վերլուծական կենտրոն է, որը զբաղվում է տարածաշրջանային կայունության, կայուն բարգավաճման և քաղաքացիական ներգրավվածության առաջխաղացման հարցերով: Ինստիտուտի ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են կոնկրետ խնդիրների լուծմանը՝ հասցեագրելով Հայաստանի ներուժի կարճաժամկետ և երկարաժամկետ իրացման մարտահրավերները: Ամռանը իր գործունեությունը մեկնարկած «APRI Armenia»-ն հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից, որը ավելի քան 115 տարի վստահելի անուն ունի աշխարհասփյուռ հայության շրջանում: APRI Armenia-ն համախմբում է փորձագետների և խորհրդատուների աշխարհի տարբեր կետերից՝ կառուցողական երկխոսությունների և հետազոտական ​​նախաձեռնությունների նպատակով:

Հոկտեմբերի 6-ին, որպես ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի մաս, APRI Armenia-ն կազմակերպեց իր առաջին աշնանային հանդիպումը՝ «Պատմական որոշումների առջև» խորագրով. մեկօրյա համաժողով, որը համախմբեց ՀԲԸՄ պատվիրակներին, հայաստանյան քաղաքական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Այս հոդվածը Լարա Սեդրակյանի կողմից աշնանային հանդիպման բացմանը ներկայացված հակիրճ և խմբագրված դիտարկումներն են:

Մեկնաբանել