Գիտեմ` ինչպես խուսափել Աբրահամի վտանգավոր հարվածներից. Շտիգլից

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (34 հ., 3 պ.) առաջիկա մրցակից WBO տարբերակով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը (42 հ., 2 պ.) վստահ է, որ կկարողանա խուսափել Արթուրի հուժկու հարվածներից և հաղթել նրան:

«Արթուրը վաստակել է ինձ հետ մենամարտելու իրավունքը: Վերջին տարիներին շատերն են չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացել, սակայն բոլորը հրաժարվել են ինձ հետ մենամարտել:

Բոլորը գիտեն, որ Աբրահամը շատ ուժեղ հարվածների է տիրապետում: Նա կռվել է Անդրե Ուորդի ու Կարլ Ֆրոչի դեմ: Թեև չի հաղթել նրանց, բայց անգնահատելի փորձ է կուտակել:

Արթուրին հաղթելու համար անհրաժեշտ է ուժ, պարբերական պրեսինգ և լավ մարտավարություն: Ես գիտեմ` ինչպես խուսափել նրա վտանգավոր հարվածներից: Պետք է գերազանց կատարեմ իմ աշխատանքը, որ բոլորին ապացուցեմ, որ ես լավագույնն եմ աշխարհում»,- Շտիգլիցի խոսքերն է մեջբերում Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ միջին քաշային կարգում WBO տարբերակով չեմպիոնական մենամարտը Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև կկայանա օգոստոսի 25-ին:

Մեկնաբանել