Ծեծվել ու լռե՞լ․ կանանց նկատմամբ բռնությունն ու ավանդույթները

Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։ Կանանց նկատմամբ բռնությունների զգալի մասը տեղի է ունենում ընտանիքում։ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում միայն 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ, որոնցից 183-ը՝ ծեծի, 51-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 8-ը՝ սպանության հոդվածներով։ 391 քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 53-ը։

Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ քննարկման փուլում գտնվող նոր օրենսդրական փաթեթի նախագիծը մի շարք փոփոխություններ է ենթադրում՝ ֆիզիկական և սեռական բռնության պարագայում սահմանափակել նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց, հստակեցնել անհետաձգելի միջամտության և պաշտպանության ժամկետները, վերացնել հաշտեցման ընթացակարգը և այլն։ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է 2017 թվականին, ուժի մեջ մտել՝ 2018-ին։

«Ի՞նչ է հաշտեցումը․ չկա նման գործընթաց»

Նոր օրենսդրական փաթեթի համահեղինակ Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նման գործընթաց չկա։ «Ես չգիտեմ՝ ինչ է հաշտեցումը, որն է այդ գործընթացը։ Ինձ ծանոթ չէ, որովհետև չկա այդպիսի գործընթաց։ Ընդհանրապես միջազգային պրակտիկայում այդպիսի բան չկա, որովհետև դա անձանց ներքին նեղ անձնային հարաբերություններն են, անձինք իրենք են որոշում՝ միասին ապրեն, չապրեն, միասին հարաբերություն ունենան, թե ոչ»։

Ամեն տարի կարճվում է ընտանեկան բռնության դեպքերի մեկ քառորդը

Այնուամենայնիվ, հաշտարարի դերը հաճախ ստանձնում են ոստիկանները՝ համոզելով բռնության ենթարկված անձին հետ վերցնել դիմումն ու վերադառնալ՝ ապրելու բռնություն գործադրած անձի հետ։ 2017-ից ի վեր բողոքի բացակայության կամ տուժողի և մեղադրյալի հաշտության հիմքով կարճվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 910 քրեական գործի վարույթ։

2018 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ, որոնցից 160-ը կարճվել է բողոքի բացակայության կամ հաշտեցման արդյունքում։ 2019-ին Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության 635 քրեական գործ, որոնցից 180-ը կարճվել է բողոքի բացակայության կամ հաշտեցման արդյունքում։ 2020-ին Քննչական կոմիտեի վարույթում քննված 730 քրեական գործերից հաշտեցման կամ բողոքի բացակայության հիմքերով կարճվել է 197-ը , 2021-ին քննված 556 քրեական գործերից նշված հիմքերով կարճվել է 122-ը։ Ընդհանրացված թվերով՝ ամեն տարի նշված հիմքերով կարճվում է ընտանեկան բռնության դեպքերի մեկ քառորդը։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի շահառու, ընտանեկան բռնություն վերապրած Քրիստինա Վարդազարյանը ևս առնչվել է ոստիկանության աշխատակիցների կանխակալ վերաբերմունքին. «Քույրս ոստիկանություն էր կանչել, տեսուչները եկան ոչ սթափ վիճակում ու ասացին՝ Ի՞նչ իմաստ ունի քո դիմելը, եթե մի ամիս հետո հաշտվելու եք, ուղղակի մեզ եք անիմաստ քաշքշում»։

«Ինձ ճանապարհելուց գիշերվա ժամը երեքն ա եղել։ Առանց հեռախոս, որովհետև էն ժամանակ՝ վնասվածքներով, ես չէի էլ հիշում՝ ուր ա հեռախոսը։ Առանց գումար, որովհետև դա եղել էր շքամուտքում շենքի։ Ասում եմ․ «Բայց ես ո՞նց կարամ տուն գնամ, տաքսի չեմ կարող կանչել, ինձ կուղեկցե՞ք, ես վերջապես վախենում եմ»։ Ասում ա. «հանգիստ գնացե՛ք, ոչ մի բան չի լինի»։ Ասում եմ. «Չէ, ես վախենում եմ»։ Ու ես տաքսիի վարորդից եմ խնդրել, որ հետս գա մինչև լիֆտ։ Այ էդ ձևով են ինձ ճանապարհել ոստիկանությունից»։

Նման դեպքերի մասին է վկայում նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը. «Բավականին աղաղակող դեպքեր կային, երբ ոստիկանությունը կոնկրետ ծաղրանքի էր ենթարկում կնոջը և ասում էր, որ միգուցե այլ տղամարդ կա իր կյանքում և այդ պատճառով է ուզում ամուսնու գլխին սարքել»։ Վերջինիս խոսքով՝ սուտ ցուցմունքի պատժելիության մասին ծանուցումը վերածվում է սպառնալիքի. «Վախեցնում են, օրինակ՝ ասում են. «Քեզ կքաչալացնեն, կտանեն քրեակատարողական հիմնարկ, էնտեղ էլ քեզ ինչ կուզեն կանեն»»։

Կանխակալ վերաբերմունքի հանդիպում են նաև բռնության զոհ կամ ականատես անչափահասները, որոնք բռնարարի հետապնդումներից խուսափելու նպատակով ստիպված են լինում փոխել բնակության վայրն ու դպրոցը։ «Դպրոցում քննարկվում է՝ այդ երեխան ով է, ինչ է, ինչ ընտանիքից է, և շատ հաճախ երեխաներին խորհուրդ են տալիս չշփվել այդ երեխայի հետ, իզոլացնել՝ իր ծնողների հարաբերությունների պատճառով»,- նշում է Զարուհի Հովհաննիսյանը։

Բռնություն գործադրածի հանդեպ վերաբերմունքը մեղմ է

Բոլորովին այլ է վերաբերմունքը բռնություն կիրառողի նկատմամբ։ «Ոստիկանները բռնություն գործադրած անձի հետ շատ մեղմ են զրուցում և ասում են, որ պետք է ինչ-որ ժամանակ իրեն խելոք պահի, որպեսզի գործը փակվի։ Ոչ թե՝ քեզ պետք է պահես օրենքի շրջանակներում, որպեսզի պատասխանտվության չենթարկվես, այլ՝ քեզ մի քիչ խելոք պահի, որ այս իրավիճակը անցնի գնա, հետո ինչ ուզում ես կանես»,- ասում է իրավաբան Լուիզա Վարդանյանը։

Վերջինս ուշադրություն է հրավիրում նաև անհետաձգելի միջամտության որոշմամբ սահմանվող հեռավորության հարցին։ Ոստիկանությունը կարող է արգելել բռնություն գործադրած անձին որոշակի հեռավորությունից մոտենալ բռնության ենթարկվածին, սակայն ոստիկանությունը դրա վերահսկման մեխանիզմներ չունի, իսկ բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի ոստիկան կցելը անիրատեսական է։

Իրավաբան Լուիզա Վարդանյանը ուշադրություն է հրավիրում միջազգային փորձին. «Տարբեր եվրոպական երկրներում գոյություն ունեն պրակտիկաներ, երբ կարողանում են վերահսկել սա. գոյություն ունեն էլեկտրոնային թևնոցներ, որոնցից մեկը տալիս են բռնարարին, մյուսը՝ բռնությունից տուժած անձին և երբ այդ հեռավորությունը անցնում է սահմնվածի չափը, այդ թևնոցները սկսում են ձայնային ազդանշաններ հանել»։

Ընտանեկան բռնության դեպքերի ամենամեծ թիվը Երևանում է, ապա՝ Արագածոտնում և Գեղարքունիքում

Ընտանեկան բռնության ցուցանիշների վերաբերյալ պատկերացում կարելի է կազմել՝ հիմնվելով բացառապես այն դեպքերի վրա, որոնցով հարուցվել է քրեական գործ։ Ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի իրականացնում։ Իրավաբան Լուիզա Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում ընտանեկան բռնության աշխարհագրությունն այսպիսին է. ընտանեկան բռնության դեպքերի ամենամեծ թիվը Երևանում է, և այն մարզերը, որոնցում շատ են Արագածոտնի մարզն է և Գեղարքունիքի մարզը։

Ըստ հարցված կանանց՝ Սյունիքի մարզում ընտանեկան բռնություն չկա

Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության վիճակագրության կոմիտեի ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտության շրջանակում հարցված կանանցից ֆիզիկական, սեռական և զգացմունքային բռնության մասին ամենաշատը նշել են Արարատի մարզում ապրող կանայք՝ 32%, ամենաքիչը՝ Սյունիքի մարզում։ Ըստ հարցված կանանց՝ Սյունիքի մարզում ընտանեկան բռնություն չկա։

ՀՀ-ում երբևէ զուգընկեր ունեցած կանանց 14,8 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական, 6,6 տոկոսը՝ սեռական, 31,8 տոկոսը՝ հոգեբանական բռնության։ Զուգընկերոջ կողմից դաժան ֆիզիկական բռնության ամենաշատը ենթարկվել են 25-44 տարիքային խմբի կանայք։ Համաձայն հետազոտության՝ գյուղաբնակ կանայք ավելի շատ են ենթարկվում ֆիզիկական բռնության, քան քաղաքաբնակները։ Երբևէ զուգընկեր ունեցած քաղաքաբնակ կանանց 17,8 տոկոսն է ենթարկվել դաժան կամ չափավոր բռնության, գյուղաբնակ կանանց՝ 19,5 տոկոսը։

Ընտանեկան բռնության դեպքերի դիմելիությունը տարեցտարի ավելանում է։ Իրավապաշտպանների կարծիքով՝ սա առավելապես խոսում է բռնության ենթարկվող անձանց իրազեկվածության աճի մասին։

Հասմիկ Հովհաննիսյան

Մեկնաբանել