Արմեն Գրիգորյանը հանդիպել է ֆրանսիացի պաշտոնյաների հետ

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի պաշտոնյաների հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Մասնավորապես, Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:

Ըստ հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստականությունը նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։

«Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել