Ադրբեջանում շիա ակտիվիստին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանք է առաջադրվել

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորվել է «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամ Շահին Գադիրովը։ Մինչև դատական նիստը նա դեռ չորս ամիս կմնա կալանքի տակ։

Հաղորդվում է, որ Գադիրովին նոյեմբերի 23-ին աշխատանքից տուն վերադառնալիս բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Կիրակի արդեն նրան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանը մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

«Մուսուլմանական միասնություն» շարժումը դատապարտել է Գադիրովի ձերբակալությունը։ Տարածված հայտարարությունում այն անվանելով «սադրանք»՝ շարժումը նշել է, որ ձերբակալությունը տեղի է ունենում իրենց վրա գործադրվող ճնշումների շրջանակում։

Գադիրովը «Մուսուլմանական միասնություն» շարժման արդեն իներորդ անդամն է, որ ձերբակալվում է։ Բանտարկված է նաև շարժման նախագահ Թալեհ Բաղիրզադեն։

Նոյեմբերի 27-ին Բաղիրզադեի կինը՝ Լեյլա Իսմայիլզադեն, հայտնել է, որ շիա հոգևորականը հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի այն «վիրավորանքների», որոնց ինքը ենթարկվել է բանտում։

«Յոթ տարվա ազատազրկումից հետո շաբաթ՝ նոյեմբերի 26-ին, նրան Գոբուստանի փակ ռեժիմի բանտից տեղափոխել են թիվ 12 քրեակատարողական հիմնարկ,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է Իսմայիլզադեն։ «Հիմնարկի պետի տեղակալը վիրավորել է նրա պատիվն ու նախանձախնդրությունը։ Այդ իսկ պատճառով Թալեհը, որպես քաղաքացիական բողոքի ձև, հացադուլ է սկսել»,- նշել է նա։

Ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, Բաղիրզադեն կրկին հացադուլ էր հայտարարել՝ ի նշան իր կազմակերպության մյուս անդամների ձերբակալության և նրանց նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի դեմ բողոքի:

Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով մայիսին ձերբակալված շարժման անդամ Ռազի Աբասովն այդ ժամանակ պնդում էր, որ ոստիկաններն իրեն խոշտանգել են։ Նրա դատավարության ընթացքում խմբի ևս հինգ անդամ ձերբակալվեց:

Բաղիրզադեն 20 տարվա ազատազրկման է դատապարտվել ատելություն սերմանելու և իշխանությունը տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: Նա ձերբակալվել է 2015-ին Բաքվի Նարդարան թաղամասում ոստիկանական բռնի գործողություններից հետո, որոնց ժամանակ յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, սպանվել էր։

Մեկնաբանել